Մասնագետները մտավախություն ունեն, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը հանրապետությունը կողողի զենք-զինամթերքով:
Այս օրերին բուռն քննարկման թեմա է դարձել մոտ 3 ամսից՝ 2013 թվականի հունվարի 1-ից, ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, սակայն առայժմ որեւէ պաշտոնական մարմին սույն օրենքի հետ կապված պարզաբանումներով հանդես չի եկել: Մինչդեռ դաշտի մասնագետներն այս օրենքի շուրջ լուրջ մտավախություններ են ներկայացնում: Նշենք, որ այս օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը: Այսինքն՝ այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց: Առաջին հայացքից նման օրենք ունենալը բավականին ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերելու, որոնց մասին պաշտոնական մարմինները լռում են: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեր հանրապետությունում գործազուրկների հսկայական բանակ ենք ունենալու: Քանի որ այս օրենքը վերաբերելու է նաեւ այս կամ այն հիմնարկում ամենասովորական պահակ աշխատող անձանց եւս, ուստի 50, 60 կամ 70 տարեկան պահակ աշխատող մեծահասակ մարդը դժվար թե կարողանա օր ծերության ֆիզիկական պատրաստություն անցնել, կրակելու, վազքի կամ զենքի օրենքի իմացության քննություն հանձնել: Իսկ այսօր դպրոցներում, հիվանդանոցներում, գրադարաններում, փոքրիկ խանութներում եւ համանման շատ օբյեկտներում հիմնականում այդ տարիքի մարդիկ են պահակություն անում: Նրանց որեւէ այլ տեղ աշխատանքի չեն վերցնում, եւ այդ տարիքի մարդիկ, որոնց մեծ մասը դեռեւս թոշակի տարիքի չեն (ՀՀ-ում թոշակի գնալու շեմը 63 տարեկանն է), իրենց պահակությամբ քիչ թե շատ սոցիալական խնդիր են լուծում: Մասնագետներին նաեւ անհանգստացնում է, որ օրենքի գործելուց հետո մեր հանրապետություն մեծ քանակությամբ զենք է ներկրվելու, քանի որ օրենքի պահանջով թիկնապահները կամ պահնորդները պետք է զինված լինեն. նրանք պետք է կրեն անվանական զենք, ինչը կնշանակի, որ յուրաքանչյուր թիկնապահ կամ պահնորդ ունենալու է իր զենքը, եւ մեկ այլ ոք իրավունք չի ունենալու այդ զենքը գործածելու. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր է այդքան թվով թիկնապահներին զինելը: Այսինքն՝ այդքան զինված մարդ ընտրություններին»,- մեզ հետ զրույցում ասաց ոլորտին քաջատեղյակ մասնագետներից մեկը, որի խորին համոզմամբ՝ այս ամենից միայն շահելու են մեր երկրում զենքի բիզնեսով զբաղվող անձինք: Ի դեպ, այսօր Հայաստանում օրինական գործող զենքի խանութները պատկանում են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ բանակի գեներալների: Իսկ զենքի վաճառքի թույլտվությունը տալիս է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունը:
Ճիշտ է, նոր օրենքով սահմանափակվել է մեկ գործատուին հասանելիք թիկնապահների թիվը, եւ նրան կարող է ուղեկցել միայն մեկ մեքենա՝ 3 թիկնապահով՝ ներառյալ վարորդը, սակայն, ինչպես մասնագետներն են փաստում, միեւնույն է՝ մեր օլիգարխները, մեծահարուստները, որոնք մինչ այդ երթեւեկում էին 4-5 ուղեկցող ավտոմեքենաներով ու տասնյակ թիկնապահներով, օրենքը շրջանցելու ձեւը կգտնեն: Լիցենզավորված կազմակերպության հետ կկնքեն 4-5 պայմանագիր՝ թիկնապահներ վերցնելով տղայի, աղջկա, կնոջ, զոքանչի անուններով, եւ եթե գործատու-օլիգարխը որոշի ընտանիքով տեղ գնալ, ապա որեւէ մեկը չի կարող արգելել, որպեսզի նրանց ուղեկցի 5 ավտոմեքենա՝ 15 թիկնապահով:
Մասնագետները նաեւ համոզված են, որ հենց օլիգարխներն էլ կհիմնեն թիկնապահների եւ պահնորդների ծառայություններ մատուցող լիցենզավորված կազմակերպությունները, քանի որ այն մեծ ծախսերը, որոնք կպահանջվեն նման կազմակերպություններ բացելու համար, հենց այդպիսի փողատերերին է հասանելի:
Օրենքը պահանջում է, որպեսզի լիցենզավորված իրավաբանական կազմակերպություններն ունենան ռադիոկապ, զինանոց, կապի միջոցներ, տեխնիկա: Միայն ռադիոկապի թույլտվություն ստանալու համար կազմակերպությունը պետք է վճարի 850 հազար դրամ, ալեհավաքների տեղադրման, լարերի անցկացման գծագրերի համար հաստատված նախագիծ ունենալն էլ 400-500 հազար դրամ է: Ընդ որում, ինչպես մեր զրուցակիցներն են փաստում, ռադիոկապը մեր երկրում բավականին անհուսալի է, եւ ցանկացած տաքսի ծառայության դիսպետչեր կարող է հեշտ ու հանգիստ «երակ» մտնել եւ տեղեկանալ, թե պաշտպանվող այս կամ այն սուբյեկտն ուր է գնում:
Օրենքի թերություններից մեկն էլ այն է, որ չի հստակեցվում, թե պահնորդը ում հաշվին պետք է վերապատրաստվի՝ ի՞ր, թե՞ լիցենզավորված կազմակերպության: Եթե կազմակերպության, ապա ստացվում է, որ այն հսկայական միջոցներ պետք է ծախսի թիկնապահներին կամ պահնորդներին պատրաստելու համար: Հասկանալու համար, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ այսօր ինկասացիայի աշխատակիցը՝ ինկասատորը, ընդամենը 4 օր վերապատրաստվելու համար, ինչը օրենքի պարտադիր պահանջ է, ոստիկանությանը վճարում է 20 հազար դրամ, իսկ թիկնապահի կամ պահնորդի վերապատրաստվելը ոչ թե օրերի, այլ ամիսների հարց է լինելու: Մասնագետների խոսքերով՝ օրենքն այնպես են հարմարեցրել, որ ոստիկանությունը «ոտքը ոտքին գցած» միլիոններ աշխատի ու իր համար մշտական եկամուտ ապահովի: Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիր ՊՈԱԿ-ը միակ հիմնարկն է, որտեղ թիկնապահը կամ պահնորդը պիտի դասընթացներ անցնեն ու որակավորման քննություն հանձնեն: Միայն մեր երկրում գործող բոլոր բանկերի պահնորդներին վերապատրաստելու համար, որոնց թիվը, ամենակոպիտ հաշվարկներով, 1300-1500 է, ոստիկանության բյուջե է մտնելու տասնյակ միլիոններ: Մեր զրուցակիցները նաեւ մտավախություն հայտնեցին, որ քննություններ հանձնելն ու որակավորման հավաստագրեր ձեռք բերելը, ինչպես ցանկացած քննություն մեր երկրում, իրենց մեջ կպարունակեն կոռուպցիոն ռիսկեր: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց օլիգարխներն էլ կհիմնեն այդ լիցենզավորված կազմակերպությունները եւ իրենց ներկայիս թիկնապահներին կցանկանան տեսնել իրենց կողքին:
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում նաեւ նշվում է, որ կազմակերպությունն իր հաշվին պետք է թիկնապահի կամ պահնորդի կյանքն ու առողջությունը ապահովագրի: Սակայն մեր երկրում գործող եւ ոչ մի ապահովագրական ընկերություն այսօր մարդու կյանք չի ապահովագրում: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ բոլոր ապահովագրական ընկերություններից հայտնեցին, որ միմիայն ապահովագրում են դժբախտ պատահարներից: Նկատենք, որ պաշտպանյալի վրա հարձակումը ամենեւին էլ դժբախտ պատահար չի դիտվի, եւ ապահովագրող ընկերությունը չի ցանկանա փոխհատուցել միտումնավոր սպանված թիկնապահի կամ պահնորդի կյանքի համար:
Ինչ վերաբերում է զենքի անվանական լինելուն, ապա մեզ հետ զրուցած մասնագետները գտնում են, որ դա կարող է թիկնապահներին «լեւի» զենք շրջանառելու առիթ տալ. եթե պարզ է լինելու, թե զենքն ում է պատկանում, նրանք կձգտեն իրենց մոտ նաեւ անօրինական զենք պահել, որպեսզի բախումների ժամանակ իրենք խաղից «մաքուր» դուրս գան եւ մեղքը բարդեն մեկ այլ՝ երրորդ անձի վրա:
Նշենք, որ ըստ օրենքի՝ թիկնապահական եւ պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տալիս է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, սակայն թե ով է այդ մարմինը՝ առայժմ պարզ չէ: Ըստ դաշտում գործող մասնագետների՝ ճիշտ կլիներ, որ տարանջատվեր թիկնապահի եւ պահնորդի գործունեությունը եւ յուրաքանչյուրի համար առանձին օրենք գործեր:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ