Այս կարծիքին է մարզի գլխավոր ֆինանսիստ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում 10 հազար 281 ձայն հավաքած դաշնակցական թեկնածուն այն կարծիքին է, որ ինքն ավելին է հավաքել, քան ընտրություններում հաղթող ճանաչված իշխանական թեկնածուն՝ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա՝ իրենն արդար ձայներ են, իսկ Սամվել Բալասանյանի օգտին աշխատել են ընտրակաշառքը, պետական բոլոր լծակները:
«Մի խոսքով՝ ամեն ինչ արեցին նրան քաղաքապետի պաշտոնում նշանակելու համար: Էն 27 հազար ձայնը, որը տարել է Սամվել Բալասանյանը, էս քաղաքում բոլոր ուժերը՝ «Բարգավաճ», Հանրապետական, անհատներ, ՀՀ նախագահ, Գագիկ Ծառուկյան, բոլորը ձայներ ունեն՝ բացի իրենից, եւ ես չեմ կարծում, որ նա կկարողանա գյումրեցիներին ղեկավարել, որովհետեւ որեւէ գյումրեցի իրեն ձայն չի տվել: Եվ երբ ես ասում էի՝ մենք հաղթել ենք, իրականում էդ 10 հազարից անց քվեն անշահախնդիր, իր քաղաքը սիրող, իր ժողովրդին սիրող մարդիկ են տվել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտրողներին եւ վստահ եմ, որ իրականում էդ 10 հազարը ավելի մեծ արժեք ունի, քան էն 27 հազար նկարվածը: Որ խորանում ենք իրականության մեջ՝ կան փողեր, կան լծակներ, բայց ոչ մարդ, ընտրող չկա, ամեն ինչ կա՝ բացի ընտրողից»,- համոզված է ՀՅԴ-ականը: Մեր այն հարցին էլ՝ եթե իրեն մի լավ պաշտոն առաջարկի պարոն Բալասանյանը, օրինակ՝ խնդրի գնալ ու փոխքաղաքապետ կամ քաղաքի գլխավոր ֆինանսիստ աշխատել, կմտածի՞ արդյոք այս ուղղությամբ: «Ես կուզեի, որ դուք հարց տայիք՝ ինչո՞ւ ես Բալասանյանին չշնորհավորեցի: Հիշո՞ւմ եք, որ ես իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեցի՝ եթե կլինի արդար, թափանցիկ, ազնիվ ընտրություն, միանշանակ ես շնորհավորելու եմ դիմացինին, ով որ կընտրվի: Բայց քանի որ միանշանակ ես գիտեմ, որ ընտրված չէ, նշանակված է էս անձը, հավատա, ոչ մի պաշտոնի էլ չեմ համաձայնվի: Դեռեւս չգիտեմ էլ՝ ինքը էդտեղ կաշխատի՞, թե՞ չի աշխատի, ի վիճակի կլինի՞, թե՞ չի լինի, թող փորձի ինքը կայանալ, հետո ուրիշներին փորձի պաշտոններ առաջարկել: Միանշանակ ինձ համար փակ է, անընդունելի է, ես համարում եմ, որ նա ընտրված քաղաքապետ չէ, ես ասում եմ ուղիղ բոլորի ներկայությամբ՝ նա նշանակված քաղաքապետ է: Ցավոք սրտի, մեր Սահմանադրությունը խախտվեց, եւ մարդը նշանակվեց: Ինչի՞ մասին է խոսքը: Երեւի մի քիչ կոպիտ հնչի, ինչ որ ասում եմ, բայց պատրաստ եմ ցանկացածի հետ՝ բացառությամբ իրեն, իրականում մարդու, որը ասում է՝ տարեք ինձ՝ ինչ ուզում եք արեք: Ես չեմ կարող էդ տիպի մարդկանց հետ, ես ինքս պայքարող, իմ քաղաքն ու ժողովրդին սիրող անձնավորություն եմ»,- հայտարարեց պարոն Սիմոնյանը:
Նրա համոզմամբ՝ եթե մարդիկ մտածում են, թե այս հոգեբանությամբ ի վիճակի են պետություն կայացնել, ապա չարաչար սխալվում են. վաղը-մյուս օրը բոլորը կարտագաղթեն, ու այստեղ կմնան նրանք ու նրանց ընտանիքի անդամները: Մեր հաջորդ հարցին էլ՝ հնարավո՞ր է Գյումրիում այնպիսի ժամանակներ գան, որ երանի տանք Վարդան Ղուկասյանի ժամանակներին, ՀՅԴ-ականը ծիծաղելով պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ում երանի կտանք, ում երանի չենք տա, բայց հաստատ մի բան գիտեմ, որ նշանակված անձը չի կարող կայանալ, միանշանակ, գիտեք՝ էդ զիբիլի մեքենա, տրակտորներ բուլդոզերներ, չգիտեմ՝ քանդել, թափել (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի օրեր առաջ Գյումրիին տված նվերները,- Ն. Ա.), էս քաղաքի մեջ նշանակություն չեն ունենալու: Ուզո՞ւմ եք 5 հատ խոշոր էս քաղաքապետարանից ավելի մեծ շենք կառուցեք, կասմադրոմներ եւ այլն, էդ ամբողջը զրո է, եթե չի փոխվում ժողովրդի մեջ հոգեբանությունը: Ուրիշների վրա օրինակ չբերեմ. եթե ինձ նման անձնավորությունը, լինելով էսքան հայրենասեր, լինելով իմ ժողովրդի կողքին ու տանելով էսքան ձայն, եթե ես համարում եմ, որ էդ մարդը արժանի չէ, որ ես իր ձեռքը սեղմեմ ու շնորհավորեմ, ուրիշ բանի մասին չեմ խոսում, որ նա կկարողանա կայանալ՝ ես արդեն իսկ խիստ կասկածում եմ: Ինքը փետրվարին նոր կզգա՝ ինչ է արել իրա, իրա երեխաների ու իրա քաղաքի գլխին»:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական թեկնածուն նաեւ նախազգուշացրեց, որ ինքը իր հավաքած քվեներով լուրջ վերահսկող է դառնալու Բալասանյանին, այնպես որ՝ չեն կարող «կտրեն-ծախեն, սրան-նրան պաշտոն տան»: Հովսեփ Սիմոնյանի մեկնաբանմամբ՝ որքան էլ իրենք փորձեցին կտրել ՏԻՄ ու նախագահական ընտրությունների կապը, այդուհանդերձ՝ սա վերածվեց մինի նախագահական ընտրությունների Գյումրիում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ