Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի միջոցով թոռան հետ ուզում է տեսակցել

Սեպտեմբեր 11,2012 14:08

Հասմիկ Չուխաջյանը երբեք չի ցանկացել, որ իր որդու՝ Լեւոն Գասպարյանի (զբաղվել է ոսկյա իրերի առքուվաճառքով, մասնավոր ձեռնարկատեր էր) մահվանից հետո իր եւ հարսի՝ Վերոնիկա Ալեքսանյանի փոխհարաբերությունների հարցը դառնա լրատվության մաս, առանց իր համաձայնության լուսանկարը եւ իր դեմ արված հայտարարությունները զետեղվեն լրատվամիջոցներում:

Զետեղվել է: Ուստի «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց այն վեճը, որը ծագել է իր եւ հարսի միջեւ:

Հասմիկ Չուխաջյանն ունի դատական վեճ: Նա դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ թոռան հետ շփվելու արգելանքը վերացնելու եւ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին: Նա դատարանին տեղեկացրել է, որ իր որդին՝ Լեւոնը, Վերոնիկայի հետ ամուսնացել է 2007թ. մարտի 20-ին (ամուսնության վկայականի համաձայն):

Հրաչը՝ թոռը, ծնվել է նույն տարվա մայիսի 10-ին: Իսկ նույն տարվա նոյեմբերի 29-ին մահացել է Լեւոն Գասպարյանը:

Հայցադիմումով Հ. Չուխաջյանը հայտնում է, որ իր միակ որդու մահվանից մի որոշ ժամանակ հետո հարսն արգելել է իրեն տեսակցել թոռան հետ:

Այդ պատճառով նա դիմել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ տեսակցության կարգ սահմանելու համար: Ի դեպ,  2011թ. սեպտեմբերի 28-ին վարչական շրջանների ղեկավարն իր 1549-Ա որոշմամբ թույլատրել է Հասմիկ Չուխաջյանին տեսակցել թոռան հետ. յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ ժ. 17-19-ը:

Հասմիկ Չուխաջյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նաեւ հայտնեց, որ տեսակցության խոչընդոտումը մինչ օրս շարունակվում է:

Այս տարվա մայիսի 10-ին՝ թոռան ծննդյան օրը, տատը նվերներ էր գնել եւ «Ջոկոնդա» հարսանյաց սրահ կազմակերպության կողմից ուղարկել էր թոռանը: Վերոնիկան չի թույլատրել, որպեսզի նվերները հասնեն թոռանը:

Նա ասում է, որ թոռան ծնված օրվանից կապված է եղել նրա հետ եւ արգելքն ազդում է ոչ միայն իր, այլ թոռան հոգեկան աշխարհի վրա:

Նա դատարանից խնդրում էր, որպեսզի Վերոնիկային պարտավորեցնեն՝ չխոչընդոտել թոռան հետ իր շփումները, եւ տեսակցության կարգ սահմանվի շաբաթական 3 օր. յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ, կիրակի:

Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ այս հայցը քննության էր դրվել Վերոնիկա Ալեքսանյանի հայցադիմումը՝ ընդդեմ Հասմիկ Չուխաջյանի, Կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանի՝ Վահագնի թաղամասի Հրազդան թիվ 14 հասցեի անշարժ գույքի, հանգուցյալի ավտոմեքենայի 1/2-րդ բաժնի նկատմամբ  Վ. Ալեքսանյանի սեփականության իրավունքի ճանաչման, ժառանգական գույքը յուրաքանչյուրին բաժանելու, վաճառված «Ռալֆ» ոսկեջուր կահույքի, բնակարանում այդ պահին եղած 120 000 ԱՄՆ դոլարին  համարժեք դրամի պահանջի մասին:

Դատարանը Արայիկ Մելքումյանի վճռով մերժել էր Վ. Ալեքսանյանի հայցը եւ հօգուտ պետբյուջեի Վերոնիկայից պետք է բռնագանձեր 6 385 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հուլիսի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Կ. Հակոբյան, Տ. Սահակյան, Տ. Նազարյան կազմով, մերժել է Վ. Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը նույնպես:

Եվ որոշումը մտել է օրինական ուժի մեջ;

Ըստ նտար Է. Շաբոյանի կողմից տրված 2008թ. հունիսի 13-ի ժառանգության իրավունքի վկայագրի, մահացած Լեւոն Գասպարյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում Հասմիկ Չուխաջյանը եւ Հրաչը:

Հասմիկ Չուխաջյանն ասում է, որ իր որդու մահվանից հետո ինքն ամեն ինչ անելու է իր միակ թոռան ուսման, նրա բարեկեցությունն ու հետագա  կյանքը դասավորելու համար:

Նա, ի դեպ, մտադիր է դիմելու իրավապահ մարմիններին, կապված հարսի կողմից պետբյուջեին գումար տալու հետ (անվճարունակության հիմքով):

Վերոնիկան, ըստ սկեսուրի, թաքցնում է իր գումար ունենալու հանգամանքը եւ ակնհայտ սխալ տեղեկություններ է տրամադրել այդ կապակցությամբ: Հասմիկ Չուխաջյանը ցույց է տալիս բազմաթիվ կտրոններ, որով ինքը յուրաքանչյուր ամիս հարսին է փոխանցել 1500 դոլարին համարժեք գումար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930