Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է «Ոսկե ծիրանը»

Սեպտեմբեր 11,2012 14:04

Միջազգային կինոփառատոնի գրասենյակի գտնվելու վայրը Ռուբեն Գեւորգյանցը չգիտի

Ռուբեն Գեւորգյանցը շեշտում է, որ ժամանակին, բացի այս տարվանից, «Ոսկե ծիրանի» որոշ դիտումներ անցկացվել են Կինոյի տանը:

Հարություն Խաչատրյանը հուսով է, որ կունենան «փառատոնային պալատ»:

Աշխարհում ցանկացած հեղինակավոր փառատոն ունի իր «փառատոնային պալատը», որն ընդգրկում է դահլիճներ՝ անհրաժեշտ տեխնիկայով, ասուլիսների եւ ընդունելությունների համար նախատեսված սրահներ, մի խոսքով՝ օֆիսային լայնարձակ տարածքներ: Իսկ մեր «Ոսկե ծիրանը» ապաստան է գտել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից գետնահարկ մի կառույցում: Նշենք, որ հաջորդ տարի միջազգային կինոփառատոնը կտոնի իր տասնամյակը: Շուրջ մեկ տասնամյակ այս միջոցառման շնորհիվ է Հայաստանը ներկայանում կինոաշխարհին եւ միեւնույն ժամանակ համաշխարհային կինոն բերում Հայաստան, այսպիսով կինոոլորտում իրականացնելով կարեւոր մշակութային առաքելություն: Հայ կինոգործիչների շրջանում «Ոսկե ծիրանի» առիթով ամենատարածված մտահոգություններից մեկը մինչ օրս փառատոնի կարգավիճակին ու գործունեությանը հարմար շենքային պայմանների բացակայությունն է:

Կինոոլորտի գործիչների հետ զրույցում հաճախ են նրանք նշում, որ Կինոյի տան հսկա շենքը, որտեղ կան 3 կինոդահլիճ, նպաստավոր պայմաններ, պետք է հանգրվանի «Ոսկե ծիրանը», մանավանդ որ այդտեղ է գործունեություն ծավալում ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը: Այդպիսով, Հայաստանն էլ կինոաշխարհին կներկայանա իր «փառատոնային պալատով»:

«Առավոտի» հետ զրույցում կինովավերագրող, «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդամենն ասաց. «Լավ ցանկություն է: Վարչապետը, քաղաքապետը, մշակույթի նախարարը խոստացել են լուծել «Ոսկե ծիրանի» «փառատոնային պալատի» հարցը»:

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը հայտնեց հետեւյալը. «Միշտ էլ առաջարկել ենք, որ փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները կայանան Կինոյի տան 3 դահլիճներում: Նախկին քաղաքապետն էլ «Ոսկե ծիրանի» գրասենյակին տրամադրել է երբեմնի կինո «Պիոների» առաջին հարկը»:

Այս պատասխանից հետո մնում է միայն զարմանալ. փաստորեն, պարոն Գեւորգյանցը տեղյակ չէ, որ կինո «Պիոները» վաղուց գոյություն չունի, տեղում բնակելի շենք է, որի առաջին հարկում գործում է բար: Եվ եթե «Ոսկե ծիրանն» ունենար «փառատոնային պալատ», ինչո՞ւ է տարիներ շարունակ մշտապես դահլիճներ ու սրահներ վարձակալում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930