Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերներին չեն վաճառում»

Սեպտեմբեր 11,2012 14:01

Արմեն Հարությունյանը փաստում է, որ տաղավարային լուսանկարչությունն իսկապես արվեստ է:

 

Երեւանցիներին նախկին այս լուսանկարչատունը ներկայացնելու հարկ չկա:

«Առավոտում» վերջերս տպագրված «Պահանջվում են ֆոտոռեժիսորներ» հոդվածում անվանի մանկավարժ ու բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը մտահոգություն էր հայտնել, իր խոսքերով՝ գեղարվեստական ստեղծագործության արտահայտություն հանդիսացող տաղավարային լուսանկարչության՝ վերջին շրջանում հետընթացի առիթով: Նա նշել էր ժամանակին այդ ոլորտում Երեւանում հեղինակություն վայելող վարպետներ Գ. Խանոյանի, Ս. Խանդիկյանի, Գ. Երկանյանի, Օնիկ Հարությունյանի ու Շանթի անունները:

Երեւանում առաջին լուսանկարչատունը հիմնել է Գաբրիել Խանոյանը՝ 1927թ., որին աշակերտել է զարմիկը՝ Օնիկ Հարությունյանը, իսկ այսօր նրա որդին՝ Արմեն Հարությունյանը (Խանոյան) շարունակում է ընտանեկան գործը:

Երեւանում գործող երբեմնի 5 լուսանկարչատներից ներկայումս գործում են 2-ը:

Մենք այցելեցինք Աբովյան 8 հասցեում 2008 թվականից գործող Արմեն Հարությունյանի ֆոտոտաղավարը, որը «հետնորդն» է երեւանցիներին հայտնի 1927-ից մինչեւ 47թ. Աբովյան 22, իսկ 1947-ից 2008թ. Աբովյան 12 հասցեներում գործող լուսանկարչատների: Տաղավարում հանդիպեցինք յուրօրինակ ցուցահանդեսի, որտեղ Հովհաննես Բաղրամյանի, Մացակ Պապյանի, Կարեն Դեմիրճյանի, Շիրազի, Սեւակի, Գոհար Գասպարյանի եւ այլ անվանի հայերի կողքին տեղ են գտել մերօրյա հայտնի դեմքերի մեծադիր լուսանկարները, ինչպես նաեւ տարբեր ժամանակների լուսանկարչական սարքեր:

Արմեն Հարությունյանը հայտնեց, որ իր պապը՝ Գառնիկ Բախչինյանն էլ է եղել լուսանկարիչ, որը 3 ընկերների հետ գաղթելով Վանից, հիմնել են Թիֆլիսում առաջին լուսանկարչատունը: Ասաց նաեւ, որ ժամանակին Շեւարդնաձեն առաջարկել է պապին փոխել ազգանունը, որի դիմաց խոստացել է «Գրուզիաֆոտոյի» ղեկավար նշանակել, սակայն Գ. Բախչինյանը չի համաձայնել:

Արմեն Հարությունյանը հիշում է, որ Խանոյանն ու հայրը աշխատել են այն տարիներին, երբ հետպատերազմյան ու, առավել եւս՝ այսօրվա լուսանկարչական նյութերի մասին երազել իսկ չէր կարելի. «40-ականներին գունավոր լուսանկարչությունը դեռ հայտնաբերված չէր, բայց Երեւանում միայն նրանք էին գտել գունավոր նկար ստանալու գաղտնիքը: Ավելին՝ նրանք առաջինն էին, որ համարձակվեցին Անդրանիկ Զորավարի մեծադիր նկարը կախել ի ցույց ամենքի. դա համարձակ քայլ էր, քանզի այն տարիներին Զորավարի անունն իսկ զգուշությամբ էին արտասանում»:

Արմեն Հարությունյանը, ցուցադրելով հոր աշխատանքները, ասում է. «Նրա օբյեկտիվի «ընկալած» ու վավերագրած ամեն պահը համարժեք էր հմուտ նկարչի վրձնահարվածի: Նրա ստեղծագործության կենտրոնում մարդն էր՝ հոգեւոր ու մտավոր ներուժով, իմաստնությամբ… Հայրս ու Խանոյանը տասնամյակների հետեւողական ջանքերի շնորհիվ հայ գեղարվեստական լուսանկարչության բնագավառում ստեղծեցին բարձրարվեստ դիմանկարներ, մշտապես հավատարիմ մնալով որակի չափանիշին»: «Նախնիներիս արվեստի բաղադրիչներն են նկարը կառուցելու կոմպոզիցիոն վարպետությունը, տաղավարային լուսանկարչության ինքնատիպ ռեժիսուրան, ինչի օգնությամբ էլ ապահովվում է բնական մթնոլորտը: Հայրս, Խանոյանը ու նրա ժամանակակիցները համադրում էին գրաֆիկայի պայմանականությունը սեւ-սպիտակ գրաֆիկայի հետ, մեծադիր դիմանկարներին հաղորդելով մոնումենտալություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Լուսանկարիչն ասաց նաեւ. «Եթե գունավոր լուսանկարի դեպքում գունաբաժանումը խաբուսիկ է, ապա սեւ-սպիտակի դեպքում լուսավորության շնորհիվ իսկական արվեստ է ստեղծվում: Դա կարելի է շատ հեշտ տեսնել, եթե գունավոր լուսանկարը տպվի սեւ-սպիտակ»: Հոր գործը շարունակող որդին հիշեց, որ երբ ժամանակին տաղավարային լուսանկարչությունն անվանել է արհեստ, հայրն ընդդիմացել է. «Հիմա եմ հասկանում, որ սա իսկապես արվեստ է: Բեմադրիչին հատուկ երկխոսություն եմ վարում այցելուիս հետ…»: Արմեն Հարությունյանը հայտնեց, որ վերջերս մասնագետներ էին եկել ԱՄՆ-ից, Վրաստանից ու Ռուսաստանից եւ երբ հանրահայտ «Կոդակի» ամերիկյան ներկայացուցիչը տաղավարում տեսել է 1800-ականների «Կոդակ» լուսանկարչական սարքը, առաջարկել է 15.000 դոլար եւ ստացել հայ լուսանկարչի պատասխանը. «Ընկերներին չեն վաճառում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930