Սեպտեմբերի 22-ին Անտվերպենի (Բելգիա) «ԱՐԴԻԱ» հ/կ-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հ/կ-ի նախագահ Սերգեյ Վարդանյանը, միջոցառման առաջին մասը՝ կոնֆերանսը, կկայանա Անտվերպենի մարզային խորհրդարանի դահլիճում, որտեղ կքննարկվեն ինքնությանը վերաբերող հիմնադրույթներ, մասնավորապես՝ հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներն ու հրատապ խնդիրները: Ելույթները, որ թարգմանվելու են հայերեն, ֆրանսերեն եւ նիդեռլանդերեն, լինելու են հետեւյալ հարցերի շրջանակներում՝ ազգային ինքնությունը. պատմություն եւ արդիականություն, ժամանակակից հայի ինքնությանը բնորոշ հատկանիշները կամ հայի կերպարն այսօր, ազգային ինքնության գիտակցության անհրաժեշտությունը, հայերի սոցիալական եւ մշակութային կյանքը արտերկրում, կապը Հայաստանի հետ եւ փոխազդեցությունները, հասարակական կազմակերպությունների դերը ինքնության պահպանման հարցում:
Կոնֆերանսին կհաջորդի մշակութային փառատոնը՝ երգի-պարի տարբեր համույթների, ինչպես նաեւ ժողովրդական գործիքների նվագախմբի կատարումներով, կլինեն նաեւ մշակութային ցուցադրանքով տաղավարներ:
ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ
Անտվերպեն
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ