Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Ստամբուլում անցկացված տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայում 11 տուրերում տարավ 9 հաղթանակ, մեկ մրցախաղ ավարտեց ոչ-ոքի՝ Ռուսաստանի հետ, եւ կրելով ընդամենը 1 պարտություն՝ Չինաստանից, 19 թիմային միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
Թուրքիայի խոշորագույն քաղաքում օլիմպիադայի փակման արարողության ժամանակ ներկաներին Հայաստանի օրհներգը հոտնկայս ունկնդրել հարկադրեցին գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:
Հայաստանն աշխարհի շախմատային թիվ մեկ գերտերությունն է: Մեր տղաների ընտրանին ներկայումս կրում է շախմատային աշխարհի երկու ամենաբարձր տիտղոսները՝ աշխարհի թիմային եւ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Նման ցուցանիշի մասին երազում են Հայաստանին տարածքով, տնտեսությամբ, կենսամակարդակով ու էլի հազար ու մի բանով բազմապատիկ գերազանցող երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Հնդկաստանը, ամբողջ Եվրոպան ու Ասիան, մի խոսքով՝ ամբողջ աշխարհը:
Կարդացեք նաև
Բացի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելուց, Լեւոն Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց 1-ին խաղատախտակի առջեւ, որտեղ հանդես են գալիս միայն ու միայն ուժեղագույնները, Վլադիմիր Հակոբյանը արծաթե մեդալի արժանացավ 3-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկած գրոսմայստերների մեջ, իսկ մեր հավաքականի մարզիչ (ավագ) Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն շախմատային մարզիչ:
Կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադան ամենահաջողվածն էր մեր աղջիկների համար: Ճիշտ է, Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան հնգյակը մրցանակային տեղ չգրավեց, սակայն, տանելով ութ հաղթանակ եւ երեք պարտություն կրելով՝ մեր ընտրանին 16 թիմային միավորով հավասար արդյունք ցույց տվեց Ռումինիայի հետ՝ բաժանելով 5-6-րդ հորիզոնականները եւ միայն լրացուցիչ գործակիցներով, ի վերջո, հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Այդուհանդերձ, սա մեր աղջիկների լավագույն ցուցանիշն է շախմատի համաշխարհային օլիպիադաներում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ