Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացիները հայրական սիրով են վերաբերվել «Հայաստանի փոքրիկ երգիչներին»

Սեպտեմբեր 11,2012 13:55

 

Ինչպես արդեն անդրադարձել էինք, ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչները» վերադարձել են հայրենիք: Երգչախումբը Ճապոնիայում հանդես էր եկել փայլուն համերգաշարով: Երեկ տեղի ունեցավ ասուլիս՝ Տիգրան Հեքեքյանի եւ երգչախմբի անդամներից մի քանիսի մասնակցությամբ:

Տիգրան Հեքեքյանն ասաց, որ առաջին անգամը չէր Ճապոնիայում. նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ 1992թ.-ին Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը Ճապոնիայում մասնակցեց մրցույթի եւ նվաճեց գլխավոր մրցանակը: Երկրորդ անգամ Հեքեքյանը Ճապոնիայում անցկացվող երգչախմբային ամենամյա մրցույթի ժյուրիի անդամ էր: «Տարօրինակ չհնչի, բայց այդ փառատոնը ֆինանսավորում է Ճապոնիայի երկրորդ թերթը, որն ունի տասներկու միլիոն բաժանորդ: Իսկ տպաքանակով հինգերորդ թերթն անդրադարձավ մեզ եւ Հայաստանին: Երգչախմբի երեխաների տպավորությունները տպագրեցին ռուսական, ամերիկյան ե բելգիական թերթերը»,- ասաց պարոն Հեքեքյանը:

Նա ընդգծեց, որ ճապոնացիները հայրական հոգատարությամբ էին վերաբերվում հայ երեխաներին, որպեսզի վերջիններս իրենց չզգան օտար երկրում. «Ճապոնացիները զուսպ եւ սառը ժողովուրդ են, բայց մեր երեխաները ստիպեցին նրանց արտասվել: Ճապոնացիները բավական խստապահանջ են, բայց մեր ելույթների ընթացքում հոտնկայս էին ծափահարում: Նրանց, այսպես ասած,  «տանում» էին մեր կատարումները. լսելուց բարձրանում էին տիեզերք, իսկ ճապոնական երգեր լսելիս հալվում էին: Երեխաներն անգամ սկսել էին ճապոներեն հաշվել»:  Խմբավարը հավելեց, որ  հայի սովորության համաձայն՝ քաղաքից քաղաք տեղափոխվելուց երեխաները կորցնում էին իրերը, բայց անգամ կորած գուլպան ճապոնացիները փաթեթով հասցրեցին մի քաղաքից մյուսը:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամ Մուրադյան Հռիփսիմեն նշեց, որ երկար շրջագայության ընթացքում գտնվելով ընտանիքից հեռու՝ երեխաները փորձում էին ինքնուրույն եւ ինքնավստահ լինել. «Այս համերգաշարը մեծ փորձություն էր, որ պատվով հաղթահարեցինք: Մենք չէինք զգում, որ հայրենիքից ու ծնողներից հեռու ենք»:

Սահակյան Անին ասաց, որ համերգների շնորհիվ ճապոնացիների շրջանում հետաքրքրություն էր առաջանում Հայաստանի հանդեպ. «Նրանք ցանկություն էին հայտնում գոնե մեկ անգամ գտնվել Հայաստանում: Մեր հանդեպ չափազանց հոգատար եւ ուշադիր էին: Կցանկանայի, որ մենք էլ լինեինք այդպիսին»:

Այվազյան Տաթեւիկն իր տպավորություններում հիշատակում է Նագոյա քաղաքի գիտության թանգարան կատարած այցելությունը. «Տեսանք բնության տարբեր երեւույթներ՝ կայծակ, քամի, ցունամի, զգացինք -30 աստիճան ցուրտը մեր մաշկի վրա»:

Տիգրան Հեքեքյանը նշեց, որ երեխաները հատկապես հուզմունքով գտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ատոմային ռումբի պայթյունից զոհ գնացածների հուշարձանին. «Ճապոնացիները չեն արտահայտում իրենց ցավը, բայց լուռ վերականգնվում են վերքերից: Համերգներից մեկի ընթացքում կատարում նվիրեցինք Ճապոնիայի ջրհեղեղի զոհերի հիշատակին»:

Խոսելով ճապոնական դահլիճների հնարավորություններից՝ մաեստրոն փաստեց, որ դրանք կարողանում էին տեղավորել 1700-2200 մարդ. «Երանի մենք էլ այդպիսի մի դահլիճ ունենայինք: Երեխաները լավ իմաստով արդեն սովոր էին համերգ տալ մեծ դահլիճում: Քաղաքներից մեկի դահլիճը փոքր էր եւ տեղավորում էր 1500 հոգու: Երեխաներն էլ թե՝ «այս ինչ փոքր դահլիճ է»: Ասացի՝ «թիթիզներին մի տես…»:

ԼՈՒԻԶԱ ԱՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930