Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացակայում են ընտրողները

Սեպտեմբեր 11,2012 13:52

Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի՝ կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որեւէ տրամաբանության՝ տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում՝ ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ, երբեմն ընտրողների սիրտը շահում էին ընտանիքի վրա բաշխելով մի քանի կիլոգրամ միս՝ դեռ լավ է, ոչ թե մի քանի շիշ գարեջուր: Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը՝ եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին եւ աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:

Քանի որ համայնքի ղեկավարի ընտրությունները սովորաբար անց են կացվում ավագանու ընտրությունների հետ միասին, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն, որը, այսպես ասած, «դատապարտված է հաղթանակի», աշխատում է ձեւավորել նաեւ ձեռնասուն ավագանի, որպեսզի հանկարծ որեւէ մեկը որեւէ ձեւով չսահմանափակի իր իշխանությունը, եւ այդ նպատակով նա փող է ծախսում թե անձամբ իր եւ թե իր թիմակից ավագանու թեկնածուների համար: Այդ «հաղթական» թեկնածուի մտքով, իհարկե, չի անցնում, որ ավագանին Ազգային ժողով չէ, այստեղ քաղաքական շահերի խնդիր չկա, եւ, հետեւաբար, մտածող եւ ինքնուրույն մարդիկ կարող են օգտակար լինել՝ համայնքային խնդիրներ լուծելու համար:

Գյումրիում ամբողջությամբ ձեռնասուն ավագանի չի հաջողվել ձեւավորել՝ բոլորը չէ, որ այդ մարմնում գարեջրագործներ են լինելու: Այդտեղ կան նաեւ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ինչպես նաեւ այլ ՀՀԿ-ականներ եւ ԲՀԿ-ականներ, որոնք այս կամ այն պատճառով համաձայն չեն, որ քաղաքում տիրի իրենց «միասնական» թեկնածուն: Եթե ղեկավարվենք հայտնի տրամաբանությամբ, ապա կարելի է արձանագրել, որ այդպիսով հանվել է մի քանի քար՝ ավազակապետության բուրգից: Այսինքն՝ քանի որ Գյումրիի գործող քաղաքապետը իշխանությունից դժգոհ է, ապա նա կարող է լինել ընդդիմության դաշնակիցը՝ հանուն ժողովրդավարության պայքարում:

Բայց սրանք, ի վերջո, մանրուքներ են: Ամենակարեւորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ՝ անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարեւոր բան՝ ընտրողները, այսինքն՝ չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930