Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2011-ին իրենց հայտնաբերած խախտումները: Իշխան Զաքարյանը ներկայացնելուց հետո նշեց, որ պետք է իրականացվի նաեւ օպերատիվ վերահսկողություն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն պիտի շարունակվի, որ դուք ներկայացրեք խախտումները, ինչքան հասկացա, հիմա ուզում եք մտնեք նախարարություններ ու իրենց հետ սկսեք կառավարել: Եթե մարդը խախտում է, պետք է մարդկանց պատժել, ձեր ընտրած ձեւաչափը ճիշտ չէ»:
Իշխան Զաքարյանն էլ պատասխանց, որ ստուգումների ամբողջ համակարգը պետք է կանոնակարգվի. «Լինում են դեպքեր, երբ մենք իրականացնում ենք ստուգում, բանից պարզվում է, որ մեկ այլ ստուգող մարմին նույն տեղն իրականացնում է ստուգում: Ինչ վերաբերում է նրան, որ մենք անընդհատ խոսում ենք խնդիրներից, այո, պարոն Աբրահամյան, ցավոք սրտի, խնդիրները կան»: Նա նշեց, որ սոցիալական ոլորտում մեծ արդյունքների են հասել՝ իրենց ստուգումներով, ոլորտը դարձրել են անխոցելի, որովհետեւ նախկինում ով ուզում՝ ցուցակները խախտում էր, ում ուզում՝ մտցնում նպաստառուների ցուցակի մեջ. «Ես պիտի ասեմ՝ նույնիսկ լկտիությունը հասել էր այն աստիճանի, որ 1959-ին ծնված քաղաքացին ստանում էր Հայրենական Մեծ պատերազմի համար նախատեսված թոշակ»:
Հովիկ Աբրահամյանը նաեւ հարցրեց, թե քանի՞ գործ է ՎՊ-ն ուղարկել իրավապահ մարմիններին: Իշխան Զաքարյանն ասաց, որ քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում նոր կարող են ուղարկել իրավապահներին. «Ո՞վ պետք է որոշեր քրեաիրավական բնույթի կասկած կա: Մենք ուղարկում ենք միայն արտառոց դեպքերը, 3 դեպք է ուղարկվել, կան հարուցված քրգործեր, կան ձերբակալվածներ, դատապարտվածներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ