«Չենք ուզել ոչ ոքի նեղացնել,- Սպիտակի քաղաքացիների մեծամասնությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ավագանու ընտրություններին:
Սպիտակում առաջադրվել էր ավագանու 24 թեկնածու, որոնցից մեկը մինչ ընտրությունները հրաժարվեց պայքարից: Արդյունքում 23 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական էին, մյուսները անկուսակցական թեկնածուներ, որոնք ինքնաառաջադրվել էին:
Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ական թեկնածուներից երկուսը հաղթեցին ընտրությունների արդյունքում: Սպիտակի քաղաքացի Արմեն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ բնակչությունն արդյոք հույսեր կապո՞ւմ է ՏԻՄ ընտրությունների հետ: Նա պատասխանեց. «Սպասելիքներ ունենք: Հույս ունենք, որ լավ է լինելու, քանի որ քաղաքապետի վարած քաղաքականության շրջանակներում երիտասարդ կադրեր են ընտրվում, ավագանու կազմում էլ են երիտասարդները շատ, ինչը գովելի է: Եթե մեր բյուջեի վիճակը լավ լինի, մի քիչ էլ միջոցներ տրամադրվեն տեղական բյուջեն ավելացնելու ուղղությամբ, ավագանիներն էլ գումարները ճիշտ ուղղորդեն, նպատակին ծառայեցնեն, մեր վիճակը լավ կլինի»:
Երբ հարցրինք՝ կաշառք բաժանելու, կամ ընտակեղծիքների դեպքեր եղե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքը փոքր է, բոլորը բարեկամական թելերով կապված են իրար: Այդ պատճառով էլ բոլորը մտածում էին այնպես անել, որ մեկը մյուսից չնեղանա»:
Կարդացեք նաև
Մեր մյուս զրուցակիցը Սպիտակ քաղաքի վաղեմի բնակչուհի տիկին Արուսյակն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ժողովրդի համար մեկ է, թե ով կընտրվի: Դա մեր գործը չէ, կարևորը մեր ջահելներն աշխատանք ունենան, որ իրենց տունն ու տեղը չթողնեն, գնան Ռուսաստանները, ընտրությունների ժամանակ էլ մարդ լինի ընտրող»:
Aravot.am-ը զրուցեց նաև ավագանու վերընտրված անդամ Գևորգ Սահակյանի հետ: Նա նշեց, որ ընտրությունները խաղաղ են ընթացել՝ առանց միջադեպերի, այնուհետև հավելեց. «Ընտրողների մասնակցության աստիճանը մոտավորապես 50 տոկոս էր, այսինքն՝ 12 հազար և ավելի բնակչությունից մոտ 6500-ը մասնակցեց ընտրություններին: Որպես ավագանու անդամ՝ իմ ուժն ու կարողությունը պիտի ներդնեմ համայնքի ամենահրատապ խնդիրների լուծման ուղղությամբ,որ մեր աղքատիկ բյուջեով և հավաքագրումներով կարողանանք գոնե մեր բյուջեի հատկացումները ճիշտ ուղղորդել: Իսկ ամենալուրջ խնդիրն այսօր Սպիտակում անօթաևան ընտանիքներին բնակարաններով ապահովելն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ