Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը ահազանգում է՝ «Պետական գնումների մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության»

Սեպտեմբեր 11,2012 12:55

Այսօր ԱԺ-ն վավերացրեց Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը երեկ այդքան քննադատվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից: Քվեարկությունը կայացավ 97 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով:

Սպառողական կոոպերացիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ նույնպես ընդունվեց՝ 76 կողմ, 8 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով: Մինչ քվեարկությունը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են օրինագծին, հետեւաբար իրենց խմբակցությունը ողջ կազմով դեմ է քվեարկելու:

Այս պահին քննարկվում է Վերահսկիչ պալատի  2011-ի տարեկան հաշվետվությունը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացմամբ՝ այս հաշվետվությունը էապես տարբերվում է նախորդ տարիների հաշվետվություններից, այլ ստանդարտներով է, ավելի մանրամասն. «Պետական սեփականության կառավարման համակարգում պետական սեփականության օգտագործման ուղղությամբ ի հայտ են եկել մի շարք խախտումներ, ռիսկեր: Պետական գույքը վարձակալության է տրվում շուկայական գնից էականորեն ցածր: Մասնավորեցված առանձին օբյեկտներ փաստացի օգտագործվում են ոչ նպատակային, պետական գույքի անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր կան: Շահաբաժիններ չեն վճարվում, դրանք մշտապես աշխատում են վնասով: Որոշ հողային պաշարներ բացարձակապես վերահսկողությւոնից դուրս են, դրանք թեեւ օգտագործվում են, բայց որեւէ մուտք դրանից պետբյուջե չի կատարվում: Արտադրության եւ սպառման վտագավոր թափոնների, ընդերքի պահպանման ոլորտում այսպիսի խախտումներ են եղել բնապահպանության նախարարության կողմից պատշաճ հսկողություն չի ներկայացվել վտանգավոր թափոնների հետ կապված: ԿԳ ոլորտում նույնպես խախտումներ են հայտնաբերվել: Գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված գումարները ծախսվել են ոչ այդ նպատակներով: Առողջապահության ոլորտում նույնպես խնդիրներ են եղել: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին՝ սոցապ պետական ծառայությունում տարիներ շարունակ չէին ճշտվել թոշակառուների վերաբերյալ իրական տվյալներ, նպաստներ էին ստացել ունեւոր մարդիկ, անարժանահավատ տեղեկանքով մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստներ էին տրվել, ոչ հաշմանդամները պետությունից ստանում էին գումար, արտոնություններ: Շինարարության ոլորտում էլ եղել է անորակ աշխատանք, գների արհեստական բարձրացում: Գնումների ոլորտում թեեւ կատարվել են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, դեռեւս կա հակամրցակցային եւ խտրական հիմունքներով կազմակերպված գնումներ: Գնումների գործընթացի մասնակիցները հաճախ գալիս են հակամրցակցային համաձայնության, ձեւական մրցույթ են անցկացնում: Դա բերում է պետական բյուջեից ավելի շատ միջոցներ ծախսելուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930