Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանում սպասվում են սկզբունքային քննարկումներ

Սեպտեմբեր 11,2012 12:47

Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: 

-Պարոն Զաքարյան, Եվրախորհրդարանի այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպային ներում շնորհելու հարցը: Ի՞նչ քննարկում եք ակնկալում: 
-Միջազգային բոլոր հեղինակավոր կառույցները, քաղաքական նշանակություն ունեցող բոլոր կազմակերպություններն արդեն իրենց դատապարտող գնահատականները հայտնել են ադրբեջանահունգարական գործարքի վերաբերյալ: Եվրամիության խորհրդարանը իր քառօրյա նստաշրջանի վերջին նիստում՝ առաջիկա հինգշաբթի, օրակարգային քննարկման միջոցով է անդրադառնալու Եվրամիության անդամ երկրի մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակ իրողությանը:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ հարցը եվրոպական պառլամենտի օրակարգ է ընդգրկվել լիբերալների, պահպանողականների, կանաչների, սոցիալիստների նախաձեռնությամբ: Բնականաբար ակնկալում ենք, որ սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանում բուռն եւ սկզբունքային քննարկումներ են ծավալվելու:
Ե՛վ քաղաքական, ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական, ե՛ւ համաեվրոպական արժեքների հարթություններում կատարված գործարքը չի կարող ծանրակշիռ ահազանգ չդիտվել բոլոր այն շրջանակների համար, որոնք ոչ միայն խոսքով, այլեւ գործով են պաշտպանում ժողովրդավարությունը եւ համամարդկային արժեքները: Բոլորը գիտակցում են, որ Ադրբեջանը ուղղակի ու բացահայտ քամահրանքով է վերաբերվում այն բոլոր արժեքներին, որոնք այսօր առանցքային են Եվրոպայի, ժողովրդավարական աշխարհի համար:
-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, Ազգային ժողովը:
-Հետագայում նման զարգացումները բացառելու, բոլոր միջազգային կառույցներում Ադրբեջանի հակամարդկային ու հայատյաց քաղաքականությունը ընդգծելու համար հատկապես մեր խորհրդարանական պատվիրակությունները, պատգամավորները պետք է առանձնակի ակտիվ գործունեություն ծավալեն բոլոր հարթակներում:
Արդեն իսկ խիստ որոշակի մտահոգություններ են առաջացել ադրբեջանական պատվիրակություններում: Նրանք պարզաբանող նամակներ են տարածում տարբեր խորհրդարանական միջազգային կառույցներում՝ փորձելով արդարացնել այն, ինչը արդարացման ենթակա չէ:
Մի քանի ժամ առաջ ստացա Եվրանեսթում Ադրբեջանի մեջլիսի պատվիրակության ղեկավարի տարածած նամակը, որում շարունակվում է եվրոպական արժեքների նկատմամբ ծաղրը եւ ամեն ինչ ներկայացվում է իբրեւ իրավական շրջանակներում կատարված զարգացում:
Չեմ կարծում, թե մենք պետք է կարեւորենք, թե ով ինչ օպերատիվությամբ արձագանքեց տեղի ունեցած գործարքին: Շատ ավելի կարեւոր է՝ ըմբռնել, թե ով ինչ գնահատական է տվել Ադրբեջանի քայլին:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930