Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը՝ Հայաստանի ժամանակով՝ այս գիշեր Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Բողոքի ցույցին մասնակցել են Հայ-ամերիկյան քաղաքական կոալիցիան, հոգևոր, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով: Ներկաները՝ հոգևորականներ, հասարակական, երիտասարդական տարբեր կառույցներ ներկայացնող Ամերիկայի հայազգի քաղաքացիներ, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:
Սեպտեմբերի 9-ին Վաշինգթոնում երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ բողոքի ցույցը (առաջինը՝ օգոստոսի 31-ին՝ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնումից ժամեր անց): Ցույցը կազմակերպել են ՀՅԴ Սեպուհ կոմիտեն, Հայ երիտասարդների ֆեդերացիայի Անի մասնաճյուցը:
Կարդացեք նաև
Ցույցի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՅԴ Սեպուհ կոմիտեի անդամ Հովսեփ Ավագյանը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ցույցի վերջում Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Ակթավուկյանը և Սուրբ Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը հայ սպա Գուրգեն Մարգարյանի հոգու խաղաղության համար կատարել են հոգեհանգստյան կարգ:
Իսկ հանգստյան օրերին, ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, Չեխիայի հայ համայնքը համակարգող խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ցույց է կազմակերպել Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև և հայտարարություն տարածել. «Մեր այս բողոքն ուղղված է ոչ թե բարեկամ հունգար ժողովրդի, այլ պաշտոնական Բուդապեշտի անազնիվ եւ անխոհեմ քայլի դեմ»: Չեխահայ ցուցարարները չեխերենով եւ անգլերենով մի քանի անգամ ընթերցել են հայ համայնքի պահանջները, այն է՝
- Չեխիայի հայ համայնքը պահանջում է Սաֆարովին բանտարկել եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը,
- Չեխիայի հայ համայնքն իր բողոքն է արտահայտում Հունգարիայի կառավարությանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում սպանած եւ Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ նրան Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու եւ ազատ արձակելու որոշման կապակցությամբ:
Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովն այնուամենայնիվ պատշաճ կերպով կրի իր պատիժը:
Չեխիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ քննարկումներ են ծավալել սոցիալական ցանցերում:
Չեխական մամուլը, մասնավորապես <iDNES.cz / Zpravy> թերթը, դատապարտում է հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆատարովին Ադրբեջանին հանձնման մասին:
Առաջիկայում ևս Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև բողոքի ակցիա է նախապատրաստվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ