Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդը պիտի Վարդան Ղուկասյանին ատեր»

Սեպտեմբեր 11,2012 12:38

Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում տեղի ունեցած բազմաթիվ զավեշտի հասնող զարգացումների համատեքստում նաեւ քիչ չէին դեպքերը, երբ ընտրողները քվեաթերթիկի վրա ավելացրել էին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը՝ նշում կատարելով նրա անվան դիմաց: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ նմանատիպ դեպքերը եւ ընտրությւոնների մասնակցության ցածր տոկոսը գյումրեցիների դեմարշն էր Հանրապետականի որոշման դեմ: Պարոն Սահակյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդը պիտի Վարդան Ղուկասյանին ատեր: Աշխատել է քաղաքապետ, չէի ասի վատ է աշխատել, բնականաբար, հակվածություններ կարող են ունենալ եւ կարող է նաեւ հանձնարարություն կատարած լինեն: Փակ, գաղտնի քվեարկություն է, դրա գնահատականը տալը դժվար է»:

Իսկ ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր տոկոսը ՀՀԿ խմբակցության ղեկավարը այսպես է բացատրում. «Մասնակցության ցածր տոկոս է լինում սովորաբար, երբ թեկնածուները լիարժեք աշխատանք չեն կատարում: Այսինքն, եթե մրցակիցներն ուժեղ են լինում, մասնակցության տոկոսն ավելանում է, քանի որ ավելի լավ են աշխատում հասարակության հետ»:

Պատճառը ընտրությունների ելի կանխորոշվածությունը չէ՞ր արդյոք: Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Կանխորոշված չէր, բայց մենք համոզված էինք, որ պաշտպանում էինք ուժեղ թեկնածուին»: Aravot.am-ի դիտարկմանն էլ՝ արդյունքում հասկացաք, որ այդքա՞ն էլ ուժեղ չէր, Գալուստ Սահակյանը վրա բերեց. «Ես հասկացա, որ շատ ուժեղ էր, պարզապես մրցակիցները բավարար աշխատանք չէին կատարել»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության տոկոսը սովորաբար ցածր է լինում եւ դա պայմանավորում է քաղաքական կուսակցությունների տեղական ընտրությունների վերաբերյալ ոչ մեծ հետաքրքրությամբ: Հետաքրքրվեցինք՝ օրենսդիրները չե՞ն փորձելու օրենսդրական մեխանիզմներով ակտիվացնել քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, քանի որ դրանք թերեւս ամենակարեւոր ընտրություններն են: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա օրենքի խնդիր չէ, մեր քաղաքական կուսակցությունները պետք է պասիվ վերաբերմունք չունենան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հետեւաբար՝ նաեւ նրանց ընտրությունների նկատմամբ: Վերջին հաշվով, հասարակության ակտիվությունը պայմանավորված է քաղաքական ուժերի կեցվածքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930