Հունգարական Politics անկուսակցական- քաղաքական օրաթերթը հրապարակել է մի հոդված, որում նշվում է, որ ի հայտ եկած նոր դիվանագիտական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը մոլորեցրել է Հունգարիային:
Հունգարիայի արտաքին գերատեսչությանը կից Միջազգային հարցերի ինստիտուտի (ՄՀԻ) կազմած գաղտնի փաստաթուղթը հրապարակել է nol.hu կայքը: Ըստ այդմ՝ Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանը մոլորեցրել է՝ «8 տարի առաջ Հունգարիայում հայ սպայի սպանած ազերիի հանձնման հարցում»:
ՄՀԻ-ն պարբերաբար նման զեկույցներ է հրապարակում Հունգարիայի համար կարևորագույն դիվանագիտական հարցերի վերաբերյալ: Կառույցի ղեկավար Բոտոնդ Զակոնին ասել է, թե գաղտնի փաստաթղթի հրապարակումը «ցավալի» է:
Ըստ փաստաթղթի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հարցով հանդիպում և քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս հունգարացի պաշտոնյային խոսք է տվել, որ Սաֆարովը բանտում է մնալու:
Առանձին նշվում է, որ Սաֆարովին ներում շնորհելուց 2 օր անց Հունգարիան դիվանագիտական նոտա է հղել Ադրբեջանին, սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, առկախել է հարաբերությունները Հունգարիայի հետ:
Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ «ազերի նախագահը մոլորեցրել է Հունգարիային», և երկիրն անակնկալի է եկել Սաֆարովի ազատ արձակումից, կառավարությանն էլ 24 ժամ է հարկավոր եղել պետական դիրքորոշումը ձևակերպելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանը փորձել է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր Սաֆարովի ազատ արձակման մասին պայմանավորվածություն է ունեցել Հունգարիայի հետ:
«Ադրբեջանը ներկայիս դրությամբ ավելի կարևոր է Հունգարիայի համար, քան հակառակը», – ասված է զեկույցում, և հենց այդ պատճառով Բուդապեշտը բացեիբաց չի հայտնի, որ ազերի նախագահը մոլորեցրել է Օրբանին:
Զեկույցում նշվում է, որ Հունգարիան պետք է պնդի, թե խոսքը թյուրիմացության մասին է:
Ըստ նույն փաստաթղթի՝ պարզ է, որ Հունգարիայի և Հայաստանի հարաբերությունները սառն են լինելու որոշ ժամանակ, սակայն մեծ աշխատանքի շնորհիվ միջնաժամկետ հեռանկարով հարաբերությունները կարող են վերականգնվել: