Aravot.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ավագ լեյտենանտ Համլետ Ասրյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին:
Պաշտոնական կեղծիքի համար որպես կասկածյալ ներգրավվել է Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդական Արթուր Ղալայանը, որն, ըստ քննիչի որոշման, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը եւ նշանակված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հանրակացարանները հաշվառելու, բնակիչներին սենյակներ հատկացնելու փաստաթղթերը, սենյակների փաստացի օգտագործումը ստուգելու, ինչպես նաեւ հետագա բաշխումը կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, զեկուցագիր է ներկայացրել քաղաքապետ Հակոբ Բալասյանին,այն մասին, որ Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանի 14 սենյակում հաշվառված անձինք չկան»:
Այդ սենյակում հաշվառման կանգնած զինվորականի կին Հերմինե Պետունցն ու նրա երեխաները, որոնք զրկվել են բնակվելու համար իրենց հատկացված բնակելի տարածության իրավունքից, ասօր կրկին դիմել են լրատվամիջոցին:
Հերմինե Պետունցն Aravot.am-ին հայտնեց, որ 2012թ.հուլիսին հաղորդումով դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ օգտագործման իրավունքով իրեն պատկանող Բյուրեղավան քաղաքի 1-ի հանրակացարանի 14 սենյակը ոմն Դերոյի 650 000 հրամանով վաճառելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Դիմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննիչ Հ.Մեհրաբյանին, որը շուրջ մեկ ամիս նյութեր նախապատրաստելով, հնարավորություն է ընձեռնել քաղաքապետին «ստեղծագործելու»՝ հետին թվով կազմելու փաստաթղթեր եւ ներկայացնելու հետաքննիչին:
Նյութերը դրանից հետո ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժանմունք, հանձնարարվել է քննիչ Հ.Ասրյանին, որը հարուցել է քրեական գործ»,- ասում է Հ.Պետունցը:
Ըստ նրա, քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե քաղաքապետի խորհրդականի, այլ՝ քաղաքապետի նկատմամբ. «Քանի որ Բյուրեղավան համայնքի ղեկավարն ի պաշտոնե իրավասություն չի ունեցել ստեղծելու նման հանձնաժողով, նշանակելու նախագահ, առավել եւս հանձնաժողովի նախագահին համար սահմանելու լիազորություններ եւ նրա վրա դնելու պարտականություններ, որոնք օրենքից դուրս են»:
Հ.Պետունցն ասում է, որ իր բողոքն այս կապակցությամբ ուղարկել է նաեւ իրավապահ մարմիններին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ