Իտալիայի Ֆրոզինոնե շրջանի Աթինա քաղաքից «Վալե դի Կոմինո» Ֆոլկլորային խմբի նախագահ՝ պրն. Լուչիանո Սարդան մեծ հիացմունք ապրեց բացահայտելով Հայաստանն ու նրա ավանդույթները.«Մեր այցով կարողացանք իտալական ոգին ներկայացնել ձեզ: Հայաստանը ունի խորը արմատներ ու ավանդույթներ, որոնք կարիք ունեն բացահայտման, երկիրը պետք է ճանաչելի լինի ամբողջ աշխարհին: Ամեն տարի սա կկազմակերպվի, Հայաստանը խաղաղության խաչմերուկն է , այս տարի այդ խաչմերուկը Հայաստանի և Իտալիայի միջև է: Ֆոլկլորի համար գոյություն չունեն սահմաններ, երիտասարդները պետք է միանան այս նախագծի շուրջ և ավանդույթի կրողները դառնան»-այսօր «Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում. Առաջին Ֆոլկլորային Փառատոն և Հայ-Իտալական Մշակութային փոխանակությունների ծրագիր» թեմայի շուրջ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց խմբի նախագահը:
«Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում» Ֆոլկլորային Փառատոնի և Հայ-Իտալական Մշակութային փոխանակությունների ծրագիրը սկիզբ է դրվել 2000 թ.-ից, երբ կազմակերպությունը մասնակցեց Իտալիայում քրիստոնեությանը 2000 ամյակին նվիրված միջոցառումներին, որի ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդ օրհնությամբ`մեկնարկվեց «Ֆոլկլորը աշխարհի խաղաղության համար» խորագիրը կրող միջազգային նախագիծը: 2010-2011թ Աթինա քաղաքում, ամենամյա Ֆոլկլորային փառատոնների ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագիրը, որն հիմք դրեց վերոհիշյալ նախագծի: Ծրագրի նպատակն է՝ մշակութային երկխոսության միջոցով խթանել տարածաշրջանի ճանաչմանն ու զարգացմանը, ինչպես նաև խաղաղության պահպանմանը:
Իտալիայի Լացիոյի նահանգի «Չիոչիարիա» Մշակութային Ասոցիացիայի նախագահ՝ պրն. Կլաուդիո Ֆորտունանի խոսքով Հայաստանը մշակութային առումով բացահայտված չէր և ցանկություն եղավ գալ և տեսնել հայ մշակույթը. «Ծրագիրը ուղղված է երիտասարդներին, հեշտ է պատերազմել, իսկ խաղաղությունը պահպանել դժվար է, մենք աշխատում ենք խաղաղության պահպանման համար: Երիտասարդները կկարողանան կառուցել խաղաղության կամուրջը»:
«Ավանդական Տոների Վերածնունդ» Կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ՝ Հասմիկ Բաղրամյանն էլ կարծում է, որ խումբը հրաշալի գործունեություն է ծավալել, այն աշխարհի խաղաղության համար է ստեղծված: