Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթում են՝ չդիմանալով բարեկեցիկ կյանքին

Սեպտեմբեր 11,2012 11:50

Ըստ մեր վիճակագիրների՝ 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Դրական իմաստով, գներն ամենից քիչ աճել են Հայաստանում։

Ինչ է արել Ազգային վիճակագրական ծառայությունը. 2000թ. սպառողական գների ինդեքսը վերցրել է որպես բազային ցուցանիշ (100 տոկոսային կետ), և դրա հիման վրա ներկայացրել 2011-ի ցուցանիշները։ Հայաստանի ցուցանիշը 2011-ին կազմել է 166 տոկոսային կետ։ Սա՝ այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում միջին գնաճն ԱՊՀ երկրներում կազմել է 342: Այսինքն՝ ԱՊՀ երկրներում գներն աճել են 3.4 անգամ, Հայաստանում՝ 1.6 անգամ։

Նշենք, որ ցածր գնաճի ցուցանիշով երկրորդ տեղում Ադրբեջանն է (գներն աճել են 2.2 անգամ), երրորդ տեղում՝ Ղրղըզստանը (2.38 անգամ): 2000-2011թթ. ընկած ժամանակահատվածում գներն ամենից շատ աճել են Բելառուսում՝ 9.5 անգամ։

Սպառողական գների ինդեքսներն ԱՊՀ երկրներում

2000=100

Հայաստան               166

Բելառուս                  955

Ղազախստան          246

Ղրղըզստան              234

Մոլդովա                   267

Ռուսաստան             353

Տաջիկստան              423

Ուկրաինա                310

Ադրբեջան                221

ԱՊՀ, ընդամենը       342

Ամիսը մեկ անգամ գնում կատարող ցանկացած հայաստանցու այս ցուցանիշը կարող է իսկական շոկի մեջ գցել։ Մարդիկ գների փոփոխությունն իրենց մաշկի վրա զգում են ոչ թե տարվա, այլ ամսվա, շաբաթվա, անգամ՝ օրվա կտրվածքով։ Իսկ հիմա պարզվում է, որ ապրելն իրականում ավելի էժան է, քան մեզ թվում է։

Ներկայացնենք մեկ այլ ցուցանիշ, որպեսզի համեմատությունն ավելի լիարժեք դառնա։ Նույն ԱՎԾ-ի նախկին հրապարակումներից մեկի համաձայն, 2000թ. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 21.001 դրամ։ 2011 թվականին, ըստ ԱՎԾ-ի՝ միջին աշխատավարձը կազմել է 144.285 դրամ։ Այսինքն՝ աշխատավարձը 11 տարվա ընթացքում աճել է 6.8 անգամ, իսկ գները՝ ընդամենը 1.6 անգամ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ գնողունակության աճ. մարդկանց եկամուտները մի քանի անգամ ավելի արագ են աճել, քան գները։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ բնակչության կենսամակարդակը պետք է նկատելիորեն բարձրացած լիներ, դժգոհների թիվը՝ նվազած, աղքատության մակարդակը՝ ցածր, արտագաղթը՝ զրոյականին մոտ։ Մինչդեռ աղքատության մակարդակն այսօր պաշտոնական տվյալներով մոտենում է 36%-ին։ 2000թ. այն 48%-ի շրջակայքում էր։ Այսինքն՝ աղքատության մակարդակը նվազել է 13 տոկոսային կետով։ Սակայն գնողունակության այնպիսի աճի պարագայում, որի մասին կարելի է պատկերացում կազմել վերևում նշվածից, աղքատության մակարդակը պետք է առնվազն կրկնակի կրճատված լիներ:

Իսկ արտագաղթի թեման ցածր գների ու բարձր աշխատավարձի սխեմայի մեջ ընդհանրապես չի տեղավորվում։ Մարդիկ արտագաղթում են, և ամեն տարի՝ ավելի մեծ ծավալով։ Մինչդեռ զարգացող երկրում, որտեղ տնտեսությունն աճում է զուսպ գնաճի ուղեկցությամբ, պետք է հակառակը լիներ՝ ներհոսք։ Ընդ որում, եթե ենթադրենք, որ արտագաղթել են հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ, ապա աղքատության մակարդակի նվազումն ավելի զգալի պետք է լիներ (նշենք, որ որոշ փորձագետների կարծիքով՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված գործազրկության նվազումը պայմանավորված է ավելի քան 80 հազար մարդու արտագաղթով): Սակայն այդպես չէ, ինչը բերում է առաջին հայացքից մի զարմանալի եզրակացության՝ Հայաստանից արտագաղթել և արտագաղթում են հիմնականում սոցիալապես ապահովված մարդիկ, այդ պատճառով էլ աղքատների տեսակարար կշիռը բնակչության մեջ չի նվազում։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930