Երեւանի քաղաքապետարանը այս տարի փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման մեծածավալ ծրագրեր իրականացրեց, որոնք գոհունակությամբ ընդունեցին երեւանցիները: Ընթացքի մեջ են նաեւ նոր ճանապարհների կառուցման աշխատանքերը, որոնք պետք է թեթեւացնեն երթեւկությունը ծանրաբեռնված փողոցներում: Դրանցից մեկը Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան միմյանց կապող նոր ճանապարհն է, որին անդրադարձել ենք նաեւ մեր թերթում, եւ որի շինարարության ընթացքին, բնակության վայրի բերումով, հետեւում եմ ամեն օր:
Որ վերոնշյալ ճանապարհի կառուցումը դրական նշանակություն կունենա բոլոր երեւանցիների, ինչպես նաեւ մայրաքաղաքին հարող տարածքների բնակիչների համար` Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները միացնելով Կենտրոնին, ակնհայտ է, բայց չենք կարող չնշել մի քանի հանգամանք, որոնք փչացնում են կարեւոր նախագծերի իրականացումից ակնկալվող դրական արդյունքը:
Առաջինը Լենինգրադյան փողոցում կառուցվող նոր վերգետնյա անցումն է, որը ինքնին դարձյալ դրական քայլ է եւ խիստ անհրաժեշտ ինչպես ուղեւորների, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար: Սակայն կառուցելուց առաջ հարկ է ուսումնասիրել եւ հաշվի առնել գոյություն ունեցող իրողությունները, որպեսզի կառուցածը ծառայի նպատակին, ոչ թե նոր դժգոհությունների տեղիք տա: Այս վերգետնյա անցման դեպքում նախագծողները մոռացել են այդ մասին: Դե, կարեւորը պատվերը, ապա ֆինանսավորումը ստացել են` կամ պետական բյուջեից կամ քաղաքային, հերն էլ անիծած, թե կառուցելուց հետո անցումը կծառայի՞ իր նպատակին, թե՞ չէ:
Կարդացեք նաև
Ուրեմն, անցումը կառուցվել է կանգառից եւ նախկին գծանշած անցումից բավականին հեռու: Ինչը միայն մասամբ օգտագործելի է դարձնում այն, քանի որ օգտվում են միայն այն մարդիկ, ովքեր աշխատանքի չեն շտապում եւ այս կամ այն համարի տրանսպորտից ուշանալու խնդիր չունեն: Երեւանյան ողորմելի վիճակում գտնվող տրանսպորտից օգտվողները շարունակում են փողոցը հատել նախկին անցումի տեղից, քանի որ մոտ է կանգառին: Ի դեպ, կանգառում վաղուց արդեն աղբարկղ չկա, եւ ծխախոտի մնացորդները «զարդարում են» փողոցի երկայնքով տնկված ծառերի փոսերը:
Բացի սրանից, անցումը կառուցվել է բնակելի շենքերից հեռու, ինչը եւս մեկ պատճառ է, որ մարդիկ չցանկանան օգտվել դրանից: Մի՞թե Երեւանի քաղաքապետարանում ոչ ոք Լենինգրադյան փողոցի շենքերի գտնվելու վայրը չտեսավ: Փաստորեն, տեսողության խնդիրներ ունի ոչ միայն քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, որը ոչ մի կերպ չի տեսնում Երեւանի տրանսպորտի խայտառակ վիճակը, այլ նաեւ ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման վարչությունների պետերը, որոնք չեն տեսնում, թե որտեղ են բնակելի շենքերը, որտեղ է կանգառը, եւ կառուցում են անցումը ըստ սեփական հարմարության:
Ինչեւէ, անցումն արդեն կառուցված է ոչ ճիշտ տեղում եւ այլեւս տեղափոխել չի լինի: Մնում է միայն կանգառը մոտեցնել անցումին, այնուհետեւ ծածկ տեղադրել նրա վրա: Հետաքրքրական է, վերգետնյա անցման նախագծողները չգիտե՞ն, որ Երեւանում ամռանը կիզիչ արեւ է լինում, աշնանն ու գարնանը անձրեւներ են գալիս, իսկ ձմռանը` որքան էլ զարմանալի է նրանց համար` ձյուն: Մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, հարկադրված պետք է օգտվեն վերգետնյա անցումից, գոնե իրենց գլխավերեւում ծածկ պետք է ունենան: Հիշեցնենք, որ 21-րդ դարում ենք, գիտությունն ու տեխնոլոգիաները շատ են զարգացել, եւ վատ չէր լինի, որ մեր անցումները ապահովված լինեն ծածկով:
Այժմ անցնենք Լենինգրադյան փողոցի մյուս ծայրը` մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ կառուցվում է ստորգետնյա անցում արդեն մեքենաների համար: Արդեն մի քանի ամիս է, ինչ այդ անցումը կառուցվում է եւ շինարարական աշխատանքների պատճառով այդ հատվածում մեքենաների երկու հանդիպակաց հոսքերով անցնելու համար թողնված է ընդամենը 4-5 մետր լայնությամբ տարածք: Թե ինչ խցանումներ են լինում այստեղ օրվա գրեթե բոլոր ժամերին, դժվար չէ ենթադրել: Հասկանալի է, որ շինարարության ժամանակ անխուսափելի են նման սահմանափակումները, բայց շինարարության ժամանակ: Ցերեկվա բոլոր ժամերին անցնելիս, վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում այստեղ շինարարական աշխատանքեր չեն կատարվում: Փոխանակ այս անցումը առաջնահերթ եւ արագ կառուցելու, խցանումները վերացնելու եւ երեւանցիներին նյարդերի քայքայումից եւ ժամանակի անիմաստ կորստից ազատելու, քաղաքապետարանը հայտնի չէ, թե ինչով է զբաղված: Իր շրջայցերի ժամանակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս հատվածում չի՞ լինում, չի՞ տեսնում խցանումներն ու կանգ առած շինարարությունը:
Մի խոսքով, ցավոք, արդեն տխուր ավանդույթ է դարձել, երբ որեւէ լավ գործ կամ նախագիծ վարկաբեկվում է իրականացնողների պատճառով, եւ մեր ներկայացրածը ընդամենը մեկ օրինակն է այդ գործելաոճի:
«Ազգ»