Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 481 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ասել է թե՝ կայացան նշանակությամբ տեղական, սակայն ընդգրկմամբ՝ համապետական ընտրություններ։
Հետեւաբար, այդ կարեւոր քաղաքական իրադարձությունը պետք է որ դառնար երկրի քաղաքական օրակարգի առնվազն կարեւորագույն թեմաներից մեկը։ Սակայն ինչպես տեսանք, դա ըստ էության տեղի չունեցավ ոչ ընտրություններից առաջ, ո՛չ էլ, առավել եւս, հետո։ Չհաշված մի քանի խոշոր համայնքները, որտեղ իրական մրցակցություն կար հիմնականում Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուների միջեւ, մնացած համայնքների մեծ մասում ամեն ինչ ընթացավ նախապես որոշված սցենարով։ Անշուշտ, հիմնական հետաքրքրությունը սեւեռված էր Գյումրիին, որտեղ թեեւ նույնպես միանգամայն սպասելի էր նախանշված սցենարի իրագործումը, այդուհանդերձ, հետաքրքրական էր դրա իրականացման բուն ընթացքն ու Սամվել Բալասանյանին հովանավորող երկու քաղաքական գերքաշայինների պահվածքը։ Բալասանյանի քաղաքական տանիքի հարցում այդպես էլ մինչեւ վերջ չկողմնորոշված գյումրեցիների զգալի մասը, սակայն, չունենալով իրական այլընտրանք, դատելով տեղի լրատվամիջոցների արձանագրած փաստերից, որոշեց ապավինել «շնից մազ պոկելն էլ է օգուտ» հին ու փորձված իմաստությանը՝ այս դեպքում պոկելով 5-հազարական դրամ ընտրակաշառքն ու ձայնը տալով նախապես «հաղթած» թեկնածուին։
Եվ եթե գյումրեցիները գոնե այդ հնարավորությունն ունեին, ապա կապանցիները զրկված էին անգամ դրանից, առաջադրված միակ թեկնածուն՝ Աշոտ Հայրապետյանը, բնականաբար առանձնապես կարիք չուներ ընտրակաշառք բաժանելու, քանզի «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատման հերոսի նման կապանցիներին ասվեց. «Ուզում ես ուզի, չես ուզում՝ ուզի»։
Կարդացեք նաև
Ընտրությունը իրապես մրցակցային էր թերեւս Արթիկ քաղաքում, ինչը, սակայն, կրում էր ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնային բնույթ, քանզի երկու թեկնածուներն էլ՝ Խաչատուր Վարագյանն ու Արսեն Աբրահամյանը, ՀՀԿ-ական էին։
Առհասարակ, Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել այն համայնքները, որտեղ մրցակցությունն ընթանում էր ոչ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կամ երկու ՀՀԿ-ականների միջեւ, այլեւ իշխանական ուժերի եւ ընդդիմության միջեւ։ Ես այն փաստը, որ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, որն ընդամենը երկու ամիս առաջ հայտարարում էր, թե իրենց համար շատ կարեւոր են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բայց այդպես էլ դրանցում մասնակցության լուրջ հայտ չներկայացրեց, ցույց է տալիս, որ ընդդիմությանն ինչպիսիք նախկինում, հուզում է միայն մեկ բան՝ նախագահի աթոռը։ Իսկ այնպիսի մանր-մունր հարցեր, ինչպես համայնքների ընտրություններն են, նրանց նրբաճաշակ քաղաքական քիմքի համար չեն։ Փաստորեն, Հայաստանում ՏԻՄ ընտրությունները վերածվել են զուտ իշխանական ուժերի ինքնահաստատման մրցավազքի։ Իսկ ընդդիմությունը վաղուց արդեն այդպիսի խնդիր չունի՝ հասկանալի պատճառներով:
«Ժողովուրդ»