Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պետրոսյանին հուշարձան են դնում, որովհետեւ մեծ ներդրում է ունեցել… խաղահրապարակների կառուցման բնագավառում

Սեպտեմբեր 11,2012 11:10

 Քաղաքային իշխանության ներկայիս ձեռագրից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը, մշակութային ինտերիերը մոտ կես դար անց իևչպիսին են լինելու։ Հաշվի առնելով մեր մականունավոր պաշտոնյաների փառասիրությունը՝ Երեւանը ողողվելու է հուշարձաններով։ Դրանք լինելու են 21–րդ դարի ոչ պակաս հեղինակավոր դեմքերի՝ թաղային հեղինակությունների, թաղապետերի, քաղաքապետերի, օլիգարխների, մականունավոր պատգամավորների, վարչությունների ու բաժնի պետերի արձանները։ Իսկ ինչո՞ւ ոչ, ումի՞ց են պակաս նշյալները, ինչո՞ւ պետք է գրականության, արվեստի ներկայացուցիչների, պետական գործիչների, զորավարների արձանների կողքին չլինեն նաեւ նրանց կիսանդրիներն ու քանդակները, չէ՞ որ իրենք էլ իրենց ժամանակների հերոսներն են ու ոչ պակաս հիշարժան դեմքեր, իսկ թե ինչով են հիշարժան դարձել՝ դա արդեն երկրորդական է։ Եվ այսպես, սեպտեմբերի 11-ից Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երեւանի մշակութային կյանքում կվերացվի հուշարձանների արժանանալու խտրականությունը, եւ ցանկացած մարդ, ով թեկուզ իր շրջապատում ինչ-որ բանով հիշվում է, լավ-վատ՝ էական չէ, լրրվ հուշարձանացու է։ Հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքում այս նոր մշակույթի մեկնարկը կսկսվի մյուս շաբաթվանից։ Երեւանի ավագանի կոչվածը, ով բացառապես դակելու գործառույթ ունի, երեքշաբթի օրվա նիստում հավանության է արժանացնելու Նոր Նորքի նախկին թաղապետ հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի որդու կիսանդրին նույն համայնքում տեղադրելու հարցը։ Քաղաքապետարանում շատ լավ գիտեն, որ հուշարձանը հենց այնպես չի տեղադրվում, պետք է տվյալ անձը հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում կամ, առհասարակ, ինչ-որ բանով աչքի ընկած լինի, որպեսզի հիմնավորվի նման որոշումը։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի զլացել եւ մի զավեշտալի հիմնավորում է ներկայացրել։ Թվարկել է այն գործառույթները, որոնք ի պաշտոնե պարտավոր է կատարել վարչական շրջանի ղեկավարը։ Ահա այդ հիմնավորումը. «…Որոշման համար հիմք է հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը։ Մեծ ներդրում է ունեցել կրթության, մշակույթի, սպորտի զարգացման, բարեկարգման, շենքերի գազիֆիկացման, բնակֆոնդի վերանորոգման, խաղահրապարակների կառուցման բնագավառներում»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930