Հերթական ապատեղեկատվություն։ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը այսպես է որակել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ օրերս «Նյուվել դ`Արմենի» պարբերականին տված հարցազրույցում արված այն հայտարարությունը, թե, իբր, իր հեռախոսազանգերը ստուգվել են, ինչով հաստատվել է, որ ինքն Ավետյանի սպանության հետ որեւէ կապ չունի։ Հարցազրույցում Հայրապետյանը ասել էր. «Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են։ Լեւոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին… Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել»։ Փաստաբանը երեկ մեր թղթակցին ասել է, որ քրեական գործի նյութերում չկա որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր Հայրապետյանի հեռախոսներն ու հեռախոսազրույցները ստուգելու մասին, մինչդեռ այդ գործողություններն անելու մասին փաստաբանները մհջնորդել էին դեռեւս նախաքննության ընթացքում. «Չկան հեռախոսագանգերը, չկան վերծանումները։ Չկա որեւէ տվյալ նախաքննական կողմից՝ Հայրապետյանի հեռախոսազանգերի վերհանումները պահանջելու մասին, նման միջնորդություն ներկայացնելու մասին, եւ չկա նաեւ տեղեկատվության նման փաստերի տրամադրման մասին»։
Մեր թղթակցի հարցին, թե ինչ միջնորդություններով են պատրաստվում հանդես գալ սեպտեմբերի 13-ից սկսվող դատավարության ընթացքում, Տիգրան Եգորյանը պատասխանել է. «Դատական քննության սկզբում մեր տակտիկական որոշակի հարցեր կցանկանայինք չբացահայտել, իհարկե՝ բազմաթիվ գործողություններ ունենք նախատեսած, բայց դրանց մասին դեռ չենք խոսի, կփորձենք անակնկալներ մատուցել»։
«Հայկական ժամանակ»