ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարված: Ըստ կարգի, կենսաքիմիայի ինստիտուտի գիտական կոլեկտիվի և գիտխորհրդի ընդհանուր ժողովում առաջադրվել էին գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանի և գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանի թեկնածությունները: Երկու թեկնածուներն էլ ժողովի ժամանակ ելույթ են ունեցել: Տեղի է ունեցել քննարկում, ներկաներն առաջադրել են իրենց հուզող հարցերը, ելույթ են ունեցել, արտահայտել իրենց կարծիքը թեկնածուների մասին: Քննարկումն անցել է պատշաճ մակարդակով:
Դրանից հետո անցկացվել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքները հետևյալն էին. ընդհանուր ժողովին ներկա և քվեարկելու իրավունք ունեցող 72 գիտաշխատողներից 53-ը ձայն էին տվել Վ. Գասպարյանին, իսկ 11-ը՝ Ս. Չաիլյանին: Ակնհայտ է, որ քվեների նման հարաբերակցությունը պայմանավորված է Վ. Գասպարյանի մասնագիտական և կազմակերպչական հատկություններով:
Սակայն պարզվեց, որ տնօրենի ընտրության գործում գիտական կոլեկտիվի կարծիքը որոշիչ չէ: Այդ հարցում գլխավորը ՀՀ ԳԱԱ պրեզիդիումի կարծիքն է, որի անդամները տարբեր գիտական ուղղվածության ակադեմիկոսներ են: Եվ, քանի որ Ս. Չաիլյանի թեկնածությունն առաջադրել և պաշտպանում է ակադեմիկոս Արմեն Գալոյանը, ապա մտավախություն կար, որ պրեզիդիումի անդամները կպաշտպանեն նրա թեկնածությունը՝ անտեսելով ինստիտուտի կոլեկտիվի ճնշող մեծամասնության կարծիքը: Այդ պատճառով կենսաքիմիայի ինստիտուտի մի քանի առաջատար գիտաշխատողներ այցելեցին բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանին՝ նախապես նրա հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Մեր բոլոր փաստարկներից հետո ակադեմիկոս Վ. Հակոբյանն ասաց, որ Վ. Գասպարյանի թեկնածությունն իր համար անընդունելի է, քանի որ նա գիտությունների թեկնածու է (կարևոր չէ, որ նրա դոկտորական ատենախոսության պաշտպանումը ամիսների հարց է):
Հարկ է նշել, որ ակադեմիական համակարգում տնօրենի պաշտոնը հաճախ զբաղեցնում է գիտությունների թեկնածու: Վերջերս նույն բնական գիտությունների բաժանմունքի միջնորդությամբ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն է նշանակվել կոլեկտիվի կողմից ընտրված գիտությունների թեկնածու: Եվ դա բացառություն չէ, կան և այլ օրինակներ: Այսինքն մենք համոզվեցինք, որ գիտական կոլեկտիվի բախտը որոշող հարցում առկա է երկակի մոտեցում:
Կարդացեք նաև
Այս ամենից հետո տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի նիստ, նվիրված կենսաքիմիայի ինստիտուտում տնօրենի թեկնածուների քննարկմանը: Թեկնածուները ելույթ ունեցան, պատասխանեցին բաժանմունքի անդամների հարցերին: Ելույթ ունեցան նաև ինստիտուտի կողմից ընտրված ներկայացուցիչները: Վ. Հակոբյանը հստակ արտահայտեց իր բացասական կարծիքը Վ. Գասպարյանի թեկնածության վերաբերյալ և անց կացվեց բաց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չստացավ ներկաների ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, որը կապահովեր բաժանմունքի երաշխավորությունը: Հարցի որոշումն անցավ ՀՀ ԳԱԱ նախագահության քննարկմանը: Համարում ենք, որ բաժանմունքի մակարդակով տեղի ունեցավ ինստիտուտի գիտական կոլեկտիվի որոշման անտեսում:
Փորձեցինք հանդիպել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանին: Ընդունելության խնդրանքով մեր զանգին քարտուղարուհին պատասխանեց, որ նախագահը այդ հարցով մտադիր չէ ընդունել ոչ ոքի:
Սակայն ինստիտուտի կոլեկտիվը դեռ հույս ունի, որ ՀՀ ԳԱԱ պրեզիդիումի անդամները ինստիտուտի կոլեկտիվի կարծիքի վերաբերյալ հարգալից վերաբերմունք կցուցաբերեն:
Համենայնդեպս մտադիր ենք պաշտպանել մեր որոշումը բոլոր հնարավոր օրինական միջոցներով` համարելով, որ դրանից է կախված ինստիտուտի ապագան:
Մենք կարծում ենք, որ սույնի մասին պետք է տեղեկացնել լայն հասարակությանը, քանի որ համոզված ենք, որ ակադեմիական համակարգի կանոնակարգի շատ կետերում, այդ թվում և տնօրենի ընտրությանը վերաբերվող, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կոլեկտիվի ճնշող մեծամասնության անունից`
Ռ. Գ. Քամալյան, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ
Ս. Ս. Մարդանյան – կենս. գիտ. դոկտոր, լաբորատորիայի վարիչ
Ն. Հ. Բարխուդարյան – կենս. գիտ. դոկտոր, լաբորատորիայի վարիչ
Գ. Վ. Գյուլխանդանյան – կենս. գիտ. թեկնածու, առաջատար գիտաշխատող
Ա. Ա. Աղաբաբովա – կենս. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող