Սյունիքի Հակակոռուպցիոն Կենտրոնի համակարգող, փաստաբան Արշավիր Խալափյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Հ. Կարապետյանինին՝ հետեւյալ հաղորդմամբ. «30.08.2012թ. Կապան քաղաքային համայնքի ղեկավար և Կապան քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արտուր Աթայանը հայտարարություն է տարածել, որից ներկայացնում ենք որոշ հատվածներ. «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռնվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը:
Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտը, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:
Կարդացեք նաև
Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները… »:
Հայտարարության վերջում նշված է, որ հանուն Կապանի և հանուն կապանցու Արտուր Աթայանը հրաժարվում է ընտրապայքարից: Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից:
Վերը նշված հայտարարության ամբողջական տեքստը հնչել է հեռուստատեսությամբ և հրապարակվել է մամուլում: Արտուր Աթայանի հայտարարության տեքստին ծանոթանալուց հետո մենք կարող ենք ենթադրել, որ վերը նշված արարքների հատկանիշները, մեր կարծիքով, կարող են համընկնել առնվազն հետևյալ արարքների հատկանիշներին.
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: Չենք կարող բացառել, որ վերը նշված արարքները կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարվել են մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձին ազատությունից զրկելով:
Ստեղծված իրավիճակում առնվազն տարօրինակ ենք համարում իրավապահ մարմինների լռությունը, առավել ևս, որ Արտուր Աթայանը մեկ այլ հայտարարությամբ չի հերքել իր առաջին հայտարությունը:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ նյութեր նախապատրաստել և նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել»: