Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականում ընդունելություն էր կազմակերպվել` ի պատիվ մեր օլիմպիական չեմպիոնների

Սեպտեմբեր 10,2012 23:01

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին:

Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Բագրատի Պետրոսյանը և միջազգային գրոսմայստեր Լևոն Գրիգորի Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգևատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մուշեղի Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Լևոնի Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Էդուարդի Սարգսյանը:

Նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Գրիգորի Թավադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Ռուբենի Աղուզումցյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության մեջ քիչ երկրներ են կարողացել արձանագրել, և այդ փաստը հպարտությամբ է լցնում մեր սրտերը, իսկ եթե լինենք ավելի ստույգ, ապա շախմատային օլիմպիադաներում միայն Խորհրդային միությունը, Ռուսաստանն ու Հայաստանն են, որ երեք և ավելի անգամ դարձել են չեմպիոններ:

Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը, այլև վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել և՛ հզոր անհատներ, և՛ միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ և ինքնավստահություն: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ մենք շատ բանի կարող ենք հասնել` ապավինելով մեր մտքի ուժին և հավաքական գիտակցությանը:

Այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին: Նրանք օրինակ են ոչ միայն պատանիների, այլև բոլորի համար: Նրանք ինչ-որ տեղ խորհրդանշում են մեր երկրի ու հասարակության անցած և անցնելիք ճանապարհը: Երբ մենք ասում ենք, որ մեր զարգացման ամենակարևոր ռեսուրսը մարդն է, մենք նկատի ունենք հենց մարդկային այս որակները՝ ուժեղ, միջազգային ասպարեզում մրցունակ և հայրենասեր: Սահմանափակ միջոցներով մեծ արդյունքի հասնելը մեր ուժերի սահմաններում է, և դա նրանք ապացուցում են արդեն որերորդ անգամ` իրենց հետևում թողնելով հսկաների:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի առթիվ: Ինձ համար սա շատ ավելի թանկ է, քան պարզապես մարզական հաջողությունը: Սրանով մեր շախմատիստները լրջագույն ուղերձ են հղում մեր հասարակությանը և ողջ հայությանը առ այն, որ մենք շատ բան կարող ենք անել: Սա ուղերձ է այն մասին, թե որտեղ են մեր ուժեղ և թույլ տվեք ասել՝ մեր թույլ կողմերը: Սա ուղերձ է բոլորիս, թե ինչպես պետք է յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, թե ինչ պետք է անի և հատկապես ինչ պետք է չանի:

Շնորհակալություն հայտնենք նրանց ուրախության ու հպարտության այն հրաշալի պահերի համար, որ նրանք պարբերաբար պարգևում են մեզ, ինչպես նաև այն հզոր ու առաջատար ազդակների համար, որ մեր հասարակությունը ստանում է նրանցից:

Շնորհակալ եմ տղերք,

Կեցցե՛ք: Ձեր համեստության չափ հաջողություն եմ մաղթում ձեզ, և թող Կարեն Ասրյանի հիշատակը, որպես պահապան հրեշտակ, ձեզ տանի նորանոր հաջողությունների:

Մեկ անգամ ևս շնորհակալություն: Թեև պետք է ասեմ, որ այստեղ շնորհակալությունն այն բառը չէ, որ պետք է օգտագործել: Դուք ուղղակի ազնվաբար, տղամարդավարի կատարում եք ձեր գործը, և սա շատ ավելի լուրջ գնահատականի է արժանի: Ապրե՛ք: Կեցցե՛ք:

Ի դեպ, մի քանի վայրկյանով միացրել էի հեռուստացույցը, և ուղիղ եթերում մեր հաղորդավարներից մեկը զրուցում էր մեր պատգամավորներից մեկի և շախմատիստներից մեկի հետ: Ուղիղ եթերում նա ասում էր, թե ինչո՞ւ մեր շախմատիստներին հերոսի կոչում չեն շնորհում, քանի որ նրանք, իրոք, արժանի են հերոսի կոչման: Ե՛վ հանրությունը, և՛ տարբեր միջավայրերում խոսում, ասում են, որ տղաները հերոսներ են: Ես վստահ եմ, որ դրա ժամանակն էլ է գալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930