Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված 11 թեկնածու է մասնակցել: Իսկ համայնքի ղեկավար է ընտրվել նրանցից 9-ը. բոլորն էլ Շիրակի մարզում: Անիպեմզայում` Հարություն Թառլանյանը, Առափիում` Ալբերտ Այվազյանը, Արեգնադեմում` Աղունիկ Հազրոյանը, Արեւշատում` Սայադ Խաչատրյանը, Կառնուտում` Արծրունի Գաբոյանը, Մեղրաշենում ` Հունան Պետրոսյանը, Սպանդարյանում` Վաղինակ Բաղդասարյանը: Այս մասին Aravot.am-ին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:
Նրա գնահատմամբ, ընտրություններն անցել են նորմալ, բնականոն հունով.«Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին ու ուղղորդումներին, դատապարտելի երեւույթներ են, եթե նման դեպքեր, իհարկե, գրանցվել են: Իրավապահ մարմիններն այս ընտրություններին բավականին աչալրջորեն իրենց գործը կատարում էին նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արագ արձագանքում էին ամենատարբեր ահազանգերին… հեռու եմ այն մտքից, որ ընտրությունները միեւնույն ժամանակ եղել են իդեալական, բայց նաեւ կարծում եմ, որ դրանք անցկացվել են ժողովրդավարության չափանիշներին համահունչ»:
Պարոն Միսակյանի խոսքերով, ընտրություններում թերությունները տեխնիկական բնույթի էին, որոնք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չէին կարող ունենալ. «Բարձրաձայնվում էր չորացող թանաքների, ուղղորդումների մասին եւ այլն, նույն թանաքների հետ կապված խնդիրը տեխնիկական է, ու ասել, եթե թանաքը չորանում է, ընտրողը հնարավորություն կունենա 2-րդ անգամ քվեարկել, տեսականորեն ու գործնականում հնարավոր չէ, որովհետեւ տեղամասում քվեաթերթիկը վերցնելիս նրա տվյալների առջեւ գրանցվում է անձնագրի սերիան, ընտրողի ստորագրությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև