Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյան. «Իշխանություններն աստղագիտությանը պետք է վերաբերվեն միջազգային հանրության պես»

Սեպտեմբեր 10,2012 20:55

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեկ Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների եւ «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի անդամները ուխտագնացություն կատարեցին դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Ուխտագնացության ընթացքում մասնակիցները եղան նաեւ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)` տնօրեն Հայկ Հարությունյանի հետ հանդիպման շրջանակում նրան ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:

Ամպամած եղանակը հաշվի առնելով` պարոն Հարությունյանն ասաց, որ օդի խոնավությունը, անգամ պարզ եղանակային պայմաններում,  բացասաբար է անդրադառնում հիմնականում ինֆրակարմիր դիտումների վրա, իսկ աստղադիտարանն իրականացնում է օպտիկական դիտումներ:

Խոսելով Բյուրականի աստղադիտարանի համբավից, տնօրենը փաստեց, որ  աշխարհի աստղագետները հիմա էլ տեղեկացված են ԲԱ-ից, բայց այնպես չէ, ինչպես` Խորհրդային տարիներին. «Այն ժամանակ ունեինք այնպիսի համաշխարհային մեծություն, ինչպիսին աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանն էր: Աստղադիտարանը հիմա շարունակում է գործել համբարձումյանական գաղափարներով: Միջազգային կապերի առումով ԽՍՀՄ-ի ժամանակ տարեկան 5-6 գործուղում էր լինում, իսկ հիմա` 25-30: Ունենք ոչ միայն արտասահմանում թեզեր պաշտպանող, այլեւ` կայացած գիտնականներ»:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հավանաբար կստեղծվի Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնը. «Բյուրականի աստղադիտարանի շնորհիվ Հայաստանն առավելագույնս հավակնում է դրան, սակայն մեր իշխանություններն աստղագիտությանը պետք է վերաբերվեն այնպես, ինչպես միջազգային հանրությունը: Կառավարության 2013թ-ի բյուջեում նախատեսված է մեծ դիտակի վերականգնումը, սակայն անցյալ դարի սարքավորումների մեծ մասն արդիական չէ»:

Խոսելով վերջերս կյանքից հեռացած անգլիացի հայտնի աստղագետ Ալֆրեդ Լավելից` Տեր Տաճատ քանանա Դավիդյանն ասաց, որ ամսագրերից մեկում կարդացել է Լավելի երաժշտական ունակությունների մասին. Լավելը եկեղեցում դաշնամուր էր նվագում: Այս առթիվ Հարությունյանը փաստեց, որ աստղագետների եւ ֆիզիկոսների  շրջանում շատ են երաժշտական կրթություն ունեցողները. «Օրինակ` Էյնշտեյնը ջութակ էր նվագում, իսկ Լավելը 20-րդ դարի լավագույն  ռադիոաստղագետներից էր: Պլուտոն մոլորակի անվանումն ինչ-որ կերպ պարունակում է Լավելի անունը: P եւ  L տառերը նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերն են»:

Ուխտավորներին հետաքրքրեց, թե արդյոք Բյուրականի աստղադիտարանի տնօերնը հավատում է Աստծո գոյությանը: Ի պատասխան Հարությունյանն ասաց. «Աստղագետները տիեզերքին նայելուց Աստծուն չեն տեսնում, բայց տեսնում են այն ներդաշնակությունը, որն առկա է տիեզերքի օրենքների կառավարման մեջ: Տիեզերքում ամեն ինչ ներդաշնակ է կառավարվում` ի տարբերություն մարդկային հասարակության: Արեգակի շուրջը պտտվում են մոլորակներ եւ փոշեհատիկներ, բայց երկուսի պարագայում օրենքը նույնն է. եթե փոշեհատիկը հանդիպում  է խոշոր մոլորակին, ընկնում է նրա վրա, ոչ թե` հակառակը»:

Արտերկրային քաղաքակրթությունների գոյության շուրջ տնօրենը նշեց, որ մենք ստեղծվել ենք ջրային հիմքի վրա, բայց չի կարելի ասել, թե ջուրը կյանքի միակ ձեւն է. «Ի վերջո,  իրեն գերագնահատող եւ կյանքի բարձրագույն ձեւը համարվող մարդը փորձում է ճանաչել աշխարհը: Իսկ վերջին շրջանում տեղի ունեցած աղետները ոչ թե տիեզերական ազդեցության, այլ` մարդկային գործունեության արդյունք են»:

Այցի շրջանակում մասնակիցները եղան նաեւ Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930