Սեպտեմբերի 9-ի երեկոյան հայրենի գյուղ է ժամանել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած Արսեն Գալստյանը: Նրա հետ Ներքին Կարմիրաղբյուր են եկել նաեւ Արսենի ծնողները եւ երկու եղբայրները, ովքեր նույնպես ձյուդոիստներ են: Նշենք, որ Արսեն Գալստյանը ծնվել է 1989թ., 1996թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ Արսենն արդեն այցելել է գերեզմանատուն, իր հարազատների շիրիմներին:
Օգոստոսի 11-ին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում կկայանա չեմպիոնի մեծարման միջոցառում: Գյուղապետն ասաց, որ միջոցառումն ինքն է կազմակերպել՝ գյուղի դպրոցի հետ: Կկատարվի նաեւ մատաղի արարողություն, օլիմպիական չեմպիոնը ծաղկեպսակ կդնի ազատամարտում զոհվածների հուշաղբյուրին: Օգոստոսի 11-ին գյուղի հանդիսությունների սրահում կլինի մեծ ճաշկերույթ, որին կմասնակցի 280 մարդ՝ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներ, Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ եւ այլն: Միջոցառման ծախսերի համար գործարար Միքայել Վարդանյանը նվիրել է 1 միլիոն դրամ: Հավելենք, որ օլիմպիական չեմպիոնը գիշերել է քեռու տանը, քանզի իրենց տունն ավերվել է ադրբեջանական հրետակոծությունից: Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Ներքին Կարմիրաղբյուրն ունեցել է 17 զոհ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև