Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններն իրոք ազատ էին, համենայնդեպս յուրաքանչյուր ընտրող թեկուզև 1000 կամ 3000 դրամ կաշառքը վեցնելով կարող էր ազատ քվեարկել իր կամքով: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր վստահեցին և քվեարկեցին իմ օգտին: Այս ընտրություններն ինձ համար շատ կարևոր էին, դրանցից քաղեցի մի շարք դասեր: Ամենադաժան դասը
Գյումրիում ընտրությունից ընտրություն պակասում է խելամիտ ու անկախ ընտրողների քանակը` արտագաղթում են հատկապես նրանք: Հասարակության մի հսկա զանգված իրեն կառավարելու ժողովրդավարական մեթոդներից զզվում է, նրանք գիտակցաբար խաբվելուց հաճույք են ստանում. քաջ գիտակցելով, որ 1000-ից 3000 դրամով իրենց ընդամենը տանելու են, ինչպես ասենք, փողոցային ամենավերջին մարմնավաճառին, միևնույն է` դրանից գոհ են, որովհետև րոպեական հաճույք են ստանում:
Բայց… բայց այսքանով հանդերձ մենք նրանցից նեղանալու ու երես թեքելու իրավունք չունենք, նրանք մարդ են, հայ են ու առավել ևս մեր համաքաղաքացիներն են: Մենք պարտավոր ենք նրանց փոխել, մենք պարտավոր ենք նրանց հանդեպ այնպես վարվել, որպեսզի հասկանան, որ փողոցում մարմնավաճառությամբ զբաղվելուց ավելի վեհ բաներ կան կյանքում:
Դասերից ամենահաճելին
Սեպտեմբերի 9-ին գյումրեցի ընտրողների կողմից ինձ հասցված ապտակը անկեղծ ասած` մի պահ ցավոտ էր, սակայն շատ սթափեցնող և օգտակար, ինչպես ասենք «հայրական ապտակ» կոչվածը:
Այն մի շարք նախապաշարմունքներից և կապանքներից ազատվելու ինձ ուղղված կոչ էր: Ավելին ասեմ, գյումրեցիներն ընդամենը մի ապտակով ինձ օժտեցին ազատ գործելու և մտածելու հնարավորությամբ: Ես այլևս որևէ պարտավորություն չունեմ որևէ անձի կամ որևէ խմբավորման հանդեպ: Կարծում եմ արժեր հանուն ազատության` նման ապտակ ստանալ: Այսուհետև կարող եմ աշխատել և օգնել մարդկանց ճիշտ այնքան, որքան ներում են իմ ուժերը կամ որքան ես կամենամ: Ի դեպ, ես արդեն վերականգնել եմ իմ սովորական աշխատանքային առօրյան «Շիրակ կենտրոնում», և հաջորդ շաբաթվանից կվերանգնենք ընտրությունների պատճառով մոտ մեկ ամիս առաջ դադարեցված` ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից աղքատ ու անօթևան հարյուրավոր գյումրեցիների օգնության բաշխումը, ինչպես նաև անօթևան ընտանիքների բնակարանների տրամադրման գործընթացում մասնակցությունս: Այսպիսի բաներ …
Հ.Գ. Եվ վերջում մեկ դիտարկում: Տեսնելով, թե այնուամենայնիվ ովքեր են հիմնականում ընտրվել Գյումրու ավագանու կազմում` լավ պապաների տղաներ, երբեք որևէ տեղ ծպտուն չհանած մարդիկ և այլն, միայն պիտի հուսամ, որ այս ավագանին ևս գոնե չափից դուրս շատ նեղ անձնական նախաձեռնություններ չի ցուցաբերի և կշարունակի նախորդների բարի ավանդույթը:
Կարդացեք նաև
Վահան Թումասյան