«Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք և ներկայումս էլ Ձեզ հաստատում ենք, որ պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանի հետ»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն իր ելույթում՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել:
Արդյոք քաղաքական զարգացումների ներկայիս փուլում նպատակահարմա՞ր էր այսպիսի հայտարարությամբ հանդես գալը և այն ի՞նչ կտա Հայաստանին, Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այս հարցում պահի խնդիր գոյություն չունի: Նա հավելեց. «Կարծում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների պիտի հաստատվեն: Այն արձանագրությունները, որ կան այսօր սեղանին դրված, պարունակում են նախապայմաններ, և ճիշտ կլիներ, որ ՀՀ-ն հրաժարվեր այդ արձանագրություններից, և վարչապետը նաև այն մասին խոսեր, որ անհրաժեշտ է արձանագրություններից հրաժարվել և ինչպես 144 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, նույնն էլ այս պարագայում: Իսկ արձանագրություններն արդեն իսկ նախապայմաններ են պարունակում»: Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, թե պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ՝ Ա. Մարտիրոսյանը նշեց. «Շատ լավ է, որ ինքը պատրաստ է, բայց այս արձանագրություների շրջանակներում հարաբերություններ հաստատելը սխալ է»: ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի առաջին արձագանքը վարչապետի ելույթի մասով հետևյալն էր. «Լավ է ուշ, քան երբեք»: Այնուհետև քաղաքական գործիչը մանրամասնեց. «Այսինքն, երբ հայ-թուրքական հարաբերությունները ուզում էին հաստատել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, այդ տեսակետն այն ժամանակ պիտի տիրապետող լիներ: Դե լավ է, որ վարչապետը այդքանը կարողացել է հասկանալ: Երբեք էլ ուշ չի լինի, որքան հնարավոր է շուտ պիտի անել դա»:
Այնուհետև Վ. Խաչատրյանը նկատեց. «Վարչապետը վերջին մեկ տարվա ընթացքում իր տեսակետը փոխել է սահմանների բացման հարցում: Երբ ժամանակին ղարաբաղյան խնդիրը քննարկվում էր հարևանների հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների հաստատման հարցի հետ զուգահեռ, քննադատում էին մեզ, ասում էին, թե ո՞նց կարող է: Տեսանք, որ կյանքը շատ բան պահանջեց: Ժամանակին տնտեսական հարցերն անտեսում էին, ավելի ազգայնական տեսակետներին էին տուրք տալիս, ռեալ չէին մտածում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ