Լրահոս
Օրվա լրահոսը

ArmComedy-ի Նարեկն ասուլիսի ժամանակ զանգահարում է Սերգեյին՝ վերջինիս նյարդայնացնելու նպատակով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2012 16:55

Թարմացված ArmComedy -ն «Արմնյուզի» եթերում կշարունակի հեռարձակվել չորեքշաբթի եւ շաբաթ՝ ներառելով նոր՝ «Armcomedy հյուրանոցը»: Այս էջի շրջանակում կհյուրընկալվեն հասարակական-քաղաքական գործիչները: Այսօր այս մասին Մամուլի ազգային ակումբում հայտնեցին ArmComedy հեռուստահաղորդման հեղինակներ և հաղորդավարներ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը:

Վերջինս ասաց, որ նոր եթերաշրջանում փորձ կարվի ստեղծել առավել բազմազան էջեր եւ կերպարներ՝ հայտնի Վազգենից բացի. «Նկարահանումներ կիրականացնենք նաեւ քաղաքից դուրս եւ քաղաքում, այնպես որ՝ փողոցում յուրաքանչյուր պահի պատրաստ եղեք մեզ հետ հանդիպել: Կլինեն նաեւ ուղիղ միացումներ, ինչպես նաեւ՝ կհնչեն կարծիքներ սփյուռքից: Առջեւում է լարված եւ հետաքրքիր քաղաքական տարին, որը կնպաստի մեր աշխատանքին»:

Նարեկ Մարգարյանի խոսքով՝ ArmComedy-ն շարունակելու է շեշտը դնել քաղաքական հումորի վրա. «Մեզանում արգելված է անդրադառնալ ձանձրալի մարդկանց, որոնց մասին չի կարելի ասել զվարճալի բան: Սակայն հետաքրքիր իրավիճակներում հայտնվածները մեր ուշադրության կենտրոնում կլինեն: Հետաքրքիր մարդկանց ընտրում ենք «համային» հատկանիշներով: Ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր կերպարները շատ չեն»:

«Հաղորդման հերոսների հետաքրքրական լինելը բխում է սուբյեկտիվ տեսանկյունից: Եթե որեւէ քաղաքական գործիչ երգիծական առումով մեծ պոտենցիալ ունի, պարտադիր տեղ է գտնում հաղորդաշարում: Հեշտ է քաղաքական երգիծանք անել մի երկրում, որտեղ քաղաքականությունը բավական մոտ է երգիծանքին: Փորձում ենք հումորն անել համ ու հոտով, որպեսզի քննադատության թիրախ դարձածներն օգուտ քաղեն այդպիսի դեպքերից: Քաղաքական գործիչները հումորի զգացումը չեն կորցրել. մեզ չեն խեղդում, հետեւաբար՝ կաշկանդող հանգամանք չկա»,-ասաց Սերգեյ Սարգսյանը՝ հավելելով, որ ողբերգական դեպքերի «վրա» հումոր չեն անում, ինչը բխում է էթիկայի նորմերից:

Նարեկ Մարգարյանն էլ ավելացրեց, որ, օրինակ՝ Սաֆարովի հետ կապված խնդրի պարագայում չկարողացանք մեկ ցույց կազմակերպել. «Ցույցերն ընթանում էին տարբեր վայրերում, ինչն արդեն զավեշտալի է»:

Երիտասարդների խոսքով՝ ստեղծագործական կյանքում իրար միջեւ հակասություններ չեն առաջանում: Սակայն ասուլիսի ժամանակ Նարեկը զանգահարեց Սերգեյի բջջայինին՝ նրան նյարդայնացնելու նպատակով: «Սա կարող է լուրջ կռվի պատճառ դառնալ»,-կես կատակ-կես լուրջ ասաց Սերգեյը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930