Կապանում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում, քվեաթերթիկների արդյունքները հաշվարկելիս գրեթե բոլոր ընտրատեղամասերում մեծ թիվ էին կազմում անվավեր քվեաթերթիկները, որոնց վրա հայհոյանքներ էին գրված, կոպիտ բառեր: Պատռել էին քվեաթերթիկները, խաչեր քաշել ե’ւ կողմ, ե’ւ դեմ տարբերակների վրա, կամ առանց ընտրելու դատարկ թերթիկը ծրարի մեջ դրել:
Քիչ չեն նաեւ դժգոհությունները տարբեր տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկին ներկա գտնվող անձանցից, որ քաղաքի, ինչպես ծայրամասային, այնպես էլ կենտրոնական տեղամասերում համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների հաշվարկն անելիս, խախտումներ էին արվում եւ քվեատուփից հաճախակի դուրս բերվող «դեմ» տարբերակով քվեաթերթիկները դրվում էին «կողմ» քվեաթերթիկների վրա` ավելացնելով «կողմ» ձայները:
Պաշտոնական տվյալներով` համայնքի ղեկավարի թեկնածուին դեմ է քվեարկել 6 հազար 75 մարդ: Կապանցիներն ասում են, որ այսքան ժամանակ նման ընտրություններ չեն եղել, որ այսքան մեծ թվով բնակիչներ գնան ու դեմ քվեարկեն, թեեւ համոզված են, որ դեմ ձայներն էլ ավելին են, քան պաշտոնապես է ասվում եւ դրանք ավելի շատ կլինեին, եթե մնացած քաղաքացիներն էլ հիասթափված չլինեին այս ընտրություններից ու մասնակցեին քվեարկությանը:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել էինք` Կապանում լարված ու չհանդուրժող նման մթնոլորտ առաջացավ դեռեւս այն ժամանակ, երբ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 2 թեկնածուներից մեկը` գործող քաղաքապետ Արտուր Աթայանն ինքնաբացարկ հայտնեց եւ ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հայրապետյանը միայնակ շարունակեց հետագա ընտրապայքարը:
ԿԸՀ-ի տվյալներով` 17 հազար 210 ընտրողից նրա օգտին է քվեարկել 10 հազար 261-ը, իսկ դեմ` 6 հազար 75 մարդ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ