Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «էս հիստերիկաները ոչ ոքի ոչինչ չեն տալու»

Սեպտեմբեր 10,2012 16:43

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած բանավեճի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ այսօրվա կառավարությունում կան մարդիկ, որոնք ինտելեկտուալ են եւ չպետք է կառավարությունը քավության նոխազ դարձնել` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված: Ըստ նրա, կա քաղաքական ուժ, որը պատասխանատու է ամեն ինչի համար, ե’ւ մարտիմեկյան իրադարձությունների, ե’ւ տնտեսական իրավիճակի եւ թե վերջին իրադարձությունների:

Ըստ նրա, եթե թեկուզ միայն տնտեսական ծրագրերից խոսենք, ապա դրանք բոլոր ցուցանիշներով` տապալվել են: Պարոն Ասատրյանի խոսքերով. «Մեր երկիրն էսօր փոքր, թույլ, աննշան, միջազգային ասպարեզում ոչինչ չունեցող վիճակում է, «հեղինակություն» բառն էլ է մեզանից հեռու, բնականաբար, մեզ հետ պիտի էդպես վերաբերվեն: Իսկ պատասխանատուն այն քաղաքական ուժն է, որն արդեն 15 տարի է՝ քայքայում է էս երկիրը եւ ընտրությունից ընտրություն ավելի շատ ձայներ է հավաքում, աբսուրդ է, զավեշտ: Էսպիսի երկրում ենք ապրում»:

Բանավեճին ներկա Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ հակադարձեց, որ եթե երկիրը կործանման տանող ուժը ստանում է ավելի ու ավելի մեծ թվեր, ընդդիմադիրները մոռանում են, որ այդ քվեները ժողովուրդն է տալիս. «Ով է ճիշտ, ով` սխալ, վերջապես երեւում է ընտրությունների արդյունքում: Քաղաքական ուժը պատասխանատո՞ւ է բարոյական տականքների պահվածքի համար»:

Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը, Մ. Բադեյանն ասաց, որ դա հանցագործություն էր եւ որեւէ մեկը չի կարող պատասխանատվություն կրել, եթե դիմացինդ իր էությամբ հանցագործ է. «Եթե մենք գործ ունենք կաշառակերների հետ, իսկ այդպիսիք են հունգարական իշխանությունները, եւ եթե մենք գործ ունենք մարդասպանների հետ, իսկ այդպիսիք են ադրբեջանական իշխանությունները, բարոյականության, վստահության կամ այլ չափանիշները չեն կարող գործել»:

ՀԱԿ ներկայացուցիչը Սաֆարովի արտահանձնման հետեւանքով բարձրացված աղմուկը անօգուտ համարեց եւ Արցախի, եւ թե ամբողջ հայ ազգի համար. «Պետք էր շատ զգույշ լինել, էս «հիստերիկաները» ոչ ոքի ոչինչ չեն տալու, ոչ մեզ, ոչ Ղարաբաղին, ոչ հայ ազգին: Ի՞նչ է, մշակույթը վերանալո՞ւ է, ի՞նչ է, հայ-հունգարական, ասենք` կրթական, գիտական կապերը էլ չե՞ն լինելու: Սա մի իրավիճակ է, որ մենք պիտի նստեինք, լուրջ, շատ լուրջ եզրակացություններ անեինք եւ ծրագրավորեինք մեր առաջիկա քայլերը մեկ, երկու, երեք, հինգ տարվա համար, եւ ոչ թե էսպես բորբոքվեինք»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930