Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարածված է կենցաղային հարբեցողությունը, բայց ոչ ինքնասպանությունը

Սեպտեմբեր 10,2012 16:28

Կա տարածված կարծիք, որ ինքնասպանություն գործող ամեն 3-րդ անձը ալկոհոլը չարաշահել է եւ թեեւ Հայաստանում ալկոհոլիզմը տարածված պաթոլոգիա չէ, սակայն շատ տարածված է կենցաղային հարբեցողությունը: Այսօր, այս մասին,  «Հայացք» ակումբում ասաց հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում: Նրա խոսքերով` առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 120 երկրների մեջ ինքնասպանությունների թվով Հայաստանը նախավերջին տեղն է գրավում, իսկ վերջին տեղում` Ադրբեջանն է. «Սա մեզ չպիտի անհանգստացնի: Անցյալ տարվա տվյալներով, 100 հազար բնակչի հաշվարկով ինքնասպանությունների թիվը Հայաստանում տարեկան 60-65 մարդ է»:  Ամենաշատ ինքնասպանությունները գործում են եվրոպական երկրներում: Պարոն Թորոսյանի ներկայացմամբ` ըստ միջազգային մասնագետների,  տնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանում շեշտակի աճել է ինքնասպանությունների թիվը, սակայն նույն ճգնաժամը նաեւ Իսպանիայում է, բայց այս երկրում ինքնասպանությունների աճ չի գրանցվել.«Մենք պետք է մեր գեներին շնորհակալ լինենք, որ կարողանում ենք դժվարությունները հաղթահարել»:

Պարոն Թորոսյանը կոչ արեց ուշադիր եւ հոգատար լինել մեզ շրջապատող անձանց նկատմամբ, քանի որ  մի անզգույշ խոսքը հնարավոր է դրդի ինքնասպանության:

Ասուլիսին ներկա հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ վստահեցրեց, որ միջազգային կազմակերպությունների հավաստմամբ` մարդուն ինքնասպանության կարող է դրդել նաեւ ԶԼՄ-ում ինքնասպանության մասին ոչ ճիշտ ներկայացված նյութը, սերիալներն ու ֆիլմերը, որտեղ այդ թեմաներն արծարծվում են:

Aravot.am-ի հարցին, արդյոք հոգեկան հիվանդություններն ունե՞ն ազգային առանձնահատկություններ եւ հայերն ինչո՞վ են տարբերվում մյուս ազգերից, գլխավոր հոգեբույժն ասաց` «Ոչնչով չենք տարբերվում: Խոսքս խրոնիկ հոգեկան հիվանդություններին է վերաբերում, ես չեմ ասում խաղամոլություն, որը մեզ մոտ սկսել է մեծ աճ արձանագրել, դա համարվում է վարքային խանգարում, կախվածություն է, որը իհարկե, մեծ աճ է սկսել ունենալ, սա եվրոպաներում էլ քիչ չէ»:

Հոգեկան առողջության ազգային առանձնահատկությունների մասին պարոն Խաչատրյանն էլ ասաց, որ հայերի գենետիկական հիշողության մեջ կա տրավմայի յուրահատուկ զգայուն ընկալում. «Մենք վերջին 100 ամյակում բազմաթիվ տրավմաներ ենք ապրել, հատկապես` եղեռն, երկրաշարժ, ղարաբաղյան պատերազմ: Մենք տրավմայի նկատմամբ մի կողմից` ավելի տոլեռանտ ենք, մյուս կողմից` ավելի խոցելի. սա եւս, մեզանից յուրաքանչյուրի մոտ, կախված է անհատական գործոններից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930