Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հարցերին

Սեպտեմբեր 10,2012 16:17

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահի կողմից ստորագրված Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որը լուրջ քննադատության առարկա էր դարձել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիրը ներկայացնելիս նշեց. «Այն էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության համար, արտահանողների համար: Հիմքում դրված են հիմնարար սկզբունքները ազատ առեւտրի եւ ձեւավորվում  է մի առեւտրատնտեսական համակարգ, որի համաձայն անդամ երկրներն իրականացնելու են ազատ առեւտուր՝ առանց մաքսերի վճարման: Սա սկզբունքային համաձայնագիր է, ԱՊՀ երկրների հետ կարեւորագույն համաձայնագրերի շարքին կդասեի: ԱՊՀ մի շարք երկրներ անդամակցել են ԱՀԿ-ին, գործող համաձայնագրերը պետք է համապատասխանեցվեն այդ միջազգային կազմակերպության կանոններին: Այստեղ կան հստակ հղումներ՝ ԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերին, համապատասխանում է դրան: Ընդհանուր առմամբ համաձայնագիրը համահունչ է մեր երկրի տնտեսական քաղաքականությանը, ուղղված է արտահանման խթանմանը, մեր երկրի արտահանողներն ունենալու են ազատ մուտք՝ ԱՊՀ երկրներ»:

Պարոն Բագրատյանը քննադատում էր, որ մեր երկիրը միայն մի բացառություն է նշել, մինչդեռ ՌԴ-ն եւ այլ երկրներ բազմաթիվ նման բացառություններ են նշել: Պարոն Դավթյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ «Հայաստանը միայն մեկ բացառություն է նշել, որը պայմանավորված է մեր օրենսդրութամբ, 2014-ին մենք այդտեղ խնդիր չեն ունենա»:

ԱԺ-ում Հրանտ Բագրատյանը հարցեր տվեց՝ ի՞նչ բան է ազատ առեւտուր եւ Մաքսային միություն, կարո՞ղ եք ասել, համաձայնագիրը ստորագրելուց հետո հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել ԵՄ-ի հետ: Պարոն Դավթյանը պատասխանեց, որ չի բացառում, որ կարող է դիվերսիֆիկացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. «Ի տարբերություն Մաքսային միության, որեւէ սահմանափակում այս համաձայնագիրը չի սահմանափակում: Կարող է հարաբերությունները խորացնել, զարգացնել տարբեր երկրների հետ: Մաքսային միությունը ենթադրում  է մի շարք պարտավորություններ, տարիֆ: Այս առումով Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը եւ Մաքսային միությունը տարբեր փուլեր են»:

Հրանտ Բագրատյանը խնդրեց հստակեցնել՝ կառավարությունը միանալո՞ւ է Մաքսային միությանը, անդամակցելո՞ւ է, թե՞ ոչ: Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ այս պահին  որեւէ որոշում չկա, եւ համաձայնագիրը Մաքսային միությանը միանալու առումով որեւէ պարտավորություն չի դնում:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակասություն կա կառավարության ներկայացուցիչների խոսքերում՝ կապված ՀՀ-ի պարտավորությունների հետ. «Ղազախստանի հանրապետությունը եթե որոշակի սամանափակումներ է արել ալկոհոլային խմիչքների հետ կապված, ուրիշ երկրներ հաստափոր սահմանափակումների ցանկ ունեն, իսկ մենք միայն մեկ բացառություն՝ ծխախոտը, այն էլ՝ միայն մինչեւ 2014-ը: Ինչո՞վ եք բացատրում սա, արդյոք ունի՞ կառավարությունը մոտավոր պատկերացում, թե այս համաձայնագիրը ինչպիսի կոնկրետ հետեւանք կբերի երկրի տնտեսւթյան  վրա: Չտեսա, որ ակնկալում եք այսքան տնտեսական աճ, այսքան ՀՆԱ-ի բարձրացում: Իրականում շուկան անվերապահ բացում է միայն Հայաստանը»:

Տիգրան Դավթյանն ի պատասխան հավաստիացրեց, որ մենք կորուստներ չենք ունենա. «Համաձայնագիրը մեր մուտքերի մեջ ոչ մի բան չի փոխելու»: Բացառությունների հետ կապված նշեց, որ երկկողմ են լինում բացառությունները, դրանց մեջ Հայաստանը չկա՝ ներմուծման սահմանափակումների առումով. «Վերապահումները սովորաբար փոխադարձ են, Հայաստանի նկատմամբ որեւէ երկիր ներմուծման վերապահում չունի, ընդհակառակը՝ մենք ունենք մեկ վերապահում: Շուկայի ազատության առումով մենք զրոյական, ազատ մուտք ենք ունենում բոլոր երկրներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930