Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան ուղղված չէ Հայաստանի դեմ եւ չի կարող դիտարկվել որպես վիրավորանք` ուղղված հայ ժողովրդին: Այդ մասին ասվում է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի` Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում:
Մարտոնին իր նամակում նկատել է, որ Սաֆարովի արտահանձնումը իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան, որոնց Հունգարիան հետեւում է նման դեպքերում: Ընդ որում, հունգարացի նախարարը պնդել է, որ արտահանձնումը կրել է «բացառապես իրավական բնույթ»:
Հունգարիայի ԱԳ նախարարը նաեւ ափսոսանք է հայտնել Բուդապեշտի հետ հարաբերությունները կասեցնելու Երեւանի որոշման կապակցությամբ` ընդգծելով ավանդական բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ «քրիստոնեական արժեքները, որոնք հազարամյակներ շարունակ կապել են երկու ժողովուրդներին»:
Ընդ որում, Մարտոնին նկատում է, որ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Նախարարը նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ջանքերին` բանակցությունների միջոցով «հայ-ադրբեջանական լարվածության» կարգավորման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ի ամփոփումն Մարտոնին հավաստաիցրել է, որ Հունգարիան նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ կոչ է արել փոխադարձ ջանքեր գործադրել բարեկամական հարաբերությունների վերականգնման համար: