Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ պատգամավորի որդու ծեծկռտուքի մասին. «Մակարը նույնիսկ այնտեղ չի եղել»

Սեպտեմբեր 10,2012 15:28

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՏԻՄ ընտրությունները գնահատել էր արդար, ժողովրդավար:

Aravot.am-ը պարոն Շարմազանովից հետաքրքրվեց՝ ծեծկռտուքի դեպքեր եղան, մասնավորապես՝ Արմավիրի Բամբակաշատ գյուղում, ընդ որում՝ Ձեր պատգամավորի որդու կողմից, Դուք այդ ընտրություննե՞րն եք համարում ժողովրդավարական՝ նա պատասխանեց. «Ես ասացի՝ եթե 481 համայնքում ընտրություն է լինում, լինում է մոտ հազար խախտում, մարդիկ կարող են ասել՝ դա մեծ թիվ է, որ 1000 խախտում է եղել, բայց ընդամենը մեկ համայնքում եղել է 2 փոքրիկ խախտում: Իսկ բոլոր այն մարդիկ՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, իրականացնում են խախտման որոշակի գործընթաց, բնականաբար, պետք է օրենքի սահմաններում պատժվեն: Մեր կարծիքը հստակ է՝ մենք ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն ենք՝ Հայաստանի Հանրապետությունում, ամենավստահելի քաղաքական ուժը: Ինչքան էլ այս կամ այն փոքրաքանակ քաղաքական գործիչները կամ թիմերը, կամ նրանց սպասարկող որոշակի «վերլուծաբանները» ինչքան էլ չուզեն՝ ի հեճուկս նրանց պետք է ասեմ, որ եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀԿ-ն է այն խնդիրների լուծողը, որը առաջանում է, կա նաեւ մեր թիմերում: Իսկ եթե կան թերություններ, խախտումներ, այդ խախտումների համար կա ոստիկանություն: Ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, շատ բարձր մակարդակով աշխատել է, շատ օպերատիվ, ցույց տվեցին, որ իրենք համահունչ են վարվում այն բարեփոխումների հետ ժողովրդավարական, որոնք իրականացվում են մեր երկրում՝ նախագահի գլխավորությամբ»:

Մեր հարցին՝ ամենաթողություն չէ՞, որ Ձեր պատգամավորի՝ Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը մասնակցում է ծեծկռտուքի՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Մակարը հերքել է դա, եթե որեւէ խնդիր կա՝ արդեն իրավական լուծում կտրվի: Ես կարդացել եմ Մակար Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ նա հերքում է տվել, որ որեւէ բան տեղի չի ունեցել, ինքը նույնիսկ այնտեղ չի եղել: Թույլ տվեք անմեղության կանխավարկածը հաշվի առնել»: Հարցին՝ հավատո՞ւմ եք նրան՝ նա պատասխանեց. «Ես հավատում եմ Աստծուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930