Այսօր լրագրողները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մեկնաբանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, ինչպես նաեւ գնահատել ՏԻՄ ընտրությունները: Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը նա հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով. «Կոռեկտ չեմ համարում, քանի որ պարոն Հայրապետյանն ինքը այդ հարցազրույցին չի անդրադարձել, որովհետեւ արդեն գիտենք, որ հարցազրույցի մի մասի վերաբերյալ ինքը հերքել է, այդ իմաստով կոռեկտ չեմ համարում»:
Հարցին՝ այսինքն՝ կարծում եք մնացածն է՞լ կհերքի, կասի նման բան չի՞ եղել՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ես պայծառատես չեմ, քաղաքական գործիչ եմ: Այն, որ պարոն Հայրապետյանը հայտարարություն չի արել, ես կոռեկտ չեմ համարում դրան անդրադառնալ»:
Իսկ ՏԻՄ ընտրությունների հետ կապված նա նշեց, որ թեկուզ թանաքը ցնդի, ընդդիմությունը ունի իր վստահված անձինք, ամեն ինչ նկարահանվում է եւ դա մեծ խոչընդոտ չի կարող լինել ընտրության որակի վրա: Նրա գնահատմամբ՝ «Մոտ 481 համայնքում կարծեմ ընտրություն է եղել, եթե 481-ում լինի 1000 խախտում, ձեր համար դա շատ մեծ է, բայց դա ընդամենը կարող է մեկ համայնքում երկու փոքրիկ խախտում է եղել: Ամեն ինչ համեմատության մեջ դրեք, եւ ինչպես Էյնշտեյնն է ասում՝ ամեն ինչ հարաբերական է: Ամեն ինչ պետք է համեմատենք անցյալ ընտրությունների հետ: Ես կարող եմ ասել, որ այս ընտրությունները բավականին դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին, աղմկահարույց որեւէ բան տեղի չունեցավ: Որպես ՀՀԿ-ական շատ գոհ եմ, որ ՀՀԿ թեկնածուները շատ բարձր ցուցանիշով հաղթանակեցին ՏԻՄ ընտրություններին եւ եւս մեկ անգամ դեպի նախագահական ընտրություններին ընդառաջ ցույց տվեցին, որ ամենաազդեցիկ եւ ամենավստահելի քաղաքական ուժը այնուամենայնիվ մնում է ՀՀԿ-ն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ