«Այստեղ կան բազմաթիվ լրագրողներ, որոնց իմ սենյակում ես մատուցել եմ խորհրդատվություն: Նյութը գրել-տվել եմ ձեռքները: Չնայած այդ լրագրողներից որեւէ մեկը, այսպես կոչված, ընտրություններից հետո ինձ չի զանգահարել՝ հետաքրքրվելու, թե ես ինչպես եմ եւ այլն եւ այլն: Սա արդեն մարդկային խնդիր է, եւ ես չեմ ցանկանա այդ մարդկային խնդիրներին անդրադառնալ»,- ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի դժգոհություն ներկայացրեց՝ ավելացնելով, որ «ես բոլոր մարդկանց, ովքեր իմ մասին տարբեր լուրեր, տարբեր կեղծիքներ են հրապարակել, բոլորին ներում եմ եւ հիմա պատրաստ եմ համագործակցել անգամ այն մարդկանց հետ, որոնք ինձ անձնական վիրավորանքներ են հասցրել: Ես հանդուրժող եմ այն մարդկանց նկատմամբ, որոնք իմ մասին բացի ճշմարտությունից ամեն ինչ գրել են: Նրանց էլ ներում եմ, որովետեւ Աստված ասել է՝ կներեք»:
Լրագրողները հակաճառեցին, ասելով, որ զանգել են պարոն Դալլաքյանին, բայց վերջինս կամ չի պատասխանել կամ անհասանելի է եղել: Պարոն Դալլաքյանը նաեւ նշեց, որ նորանկախ Հայաստանում 1990-ից մինչեւ հիմա չի եղել որեւէ պատգամավոր, որը հեղինակեր 83 օրենքների. «Ինտերնետում թող անգրագետները նայեն: Ես քննադատել եմ երկրորդ նախագահին, նրա օրոք ընդունվել է իմ հեղինակած 50 օրենք, ես քննադատել եմ հանրապետության երրորդ նախագահին, նրա օրոք ընդունվել է իմ հեղինակած 14 օրենք: Ես քննադատել եմ հանրապետության առաջին նախագահին, նրա օրոք ընդունվել է 12 օրենք: Այսինքն՝ քննադատել եւ համագործակցել, դրանք միանգամայն տեղավորվում է ԱԺ-ի պատգամավորի գործառույթների մեջ»:
Հարցին՝ հիմա ո՞ւմ եք ուզում քննադատեք՝ նա պատասխանեց. «Ես հիմա ներկայացնելու եմ հանրապետության նախագահին, եւ եթե քննարկումների ընթացքում լինեն որոշ հարցեր, որոնց վերաբերյալ նախագահը հարմար կգտնի, որ ներկայացվի նախագահի տեսակետները, ես կներկայացնեմ նախագահի տեսակետները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ