Քաղաքագետ Մանվել Սարգսյանի համոզմամբ, քաղաքական դաշտում արդեն մեկ տարի է՝ ԲՀԿ-ի շուրջ արհեստական իրավիճակ է ստեղծվել: «Կար ժամանակ, որ իշխանությունները փորձում էին ամեն կերպ ուռճացնել այդ կուսակցության ազդեցությունը՝ դրանով մի կողմ մղելով ընդդիմությանը: Հետո ընդդիմությունը սկսեց նույնն անել , այն կողմից սկսելով փչել փուչիկը , եւ ի վերջո եկանք մի վիճակի, երբ փուչիկը արդեն ինքն է ձգտում քայլեր անել… Թվում է, թե բոլոր ակտուալ խնդիրների շուրջ պետք է կենտրոնում լիներ ԲՀԿ-ի դիրքորոշումը, որը երբեք չի լինում, եւ չի էլ լինի, որովհետեւ չկա ռեալ պոտենցիալը, այ դա փչված է տարբեր կողմերից եւ շատ մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, երբ ուրիշները փորձում են մի կողմ քաշվել եւ նման մի արհեստական փուչիկի լեզվով լուծել իրենց խնդիրները` թե իշխանությունը, թե ընդդիմությունը»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նրա խոսքերով, Հայաստանում քաղաքական դաշտը պարալիզացվել է. «Մարդկանց շատ ավելի է հետաքրքրում Սաֆարովի գործով Պուտինն ինչու չի խոսում, քան ցանկացած կուսակցություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ