Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի». Կամո Վարդանյան

Սեպտեմբեր 10,2012 14:09

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Այդ առիթով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը հանդիպեց լրագրողների հետ, ներկայացնելով այն պատճառները, ըստ որոնց մարդիկ դիմում են ինքնասպանության:

Վարդանյանի փոխանցմամբ՝ պատճառները շատ են, շուրջ 800. «Աշխարհում մասնագետները ցանկանում են ինքնասպանության երեւույթը դիտարկել մեկ պատճառականության սկզբունքով, բայց ես այդ մոտեցումը սխալ եմ համարում: Այս երեւույթին պետք է մոտենալ մեծ խորությամբ եւ բազմակողմանի»:

Ինչ վերաբերում է ինքնասպանությունների կանխարգելմանը, ապա, ըստ Վարդանյանի, այս առումով պետությունը պետք է հատուկ ռազմավարություն մշակի. «Ինքնասպանություն երեւույթը երբեք չի վերանա, դա մարդուն բնորոշ բան է, չնայած ճիշտ կազմակերպված գործընթացի ազդեցության տակ դրանց քանակը կարելի է քչացնել: Երեւույթը պետք է խորապես, գիտական մակարդակով ուսումնասիրել, ոչ թե սիրողական: Այդ մասին պետք է խոսի միայն մասնագետը: Բուհերում անհրաժեշտ է դասախոսություններ անցկացնել: Հասարակության լայն խավերին գաղափար տալ ինքնասպանության երեւույթի, ինքնասպանի հոգեկանոն դրսեւորվող փոփոխությունների մասին, որովհետեւ մարդը միանգամից չի կատարում ինքնասպանություն, սովորաբար դա տեւում է մինչեւ 1,5 տարի: Հասարակությանը պետք է սովորեցնել սուիցիդի այն բանալիների մասին, որոնց ականատես լինելուց անհատը կարողանա ուղղորդել տվյալ անձնավորությանը եւ տեղյակ պահել նրա հարազատներին: Բացի այդ՝ մենք պետք է ուշադիր լինենք մեր կողքինների նկատմամբ»,-ավելացրեց Վարդանյանը:

Բանակում կատարվող ինքնասպանությունների մասին էլ սուիցիդոլոգն ասաց, որ բանակը հասարակության մի մասն է ու այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, խորթ չէ նաեւ բանակին. «Երբեմն բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի: Խնդիր ունենալով տղան գնում է բանակ, խնդիրն այնտեղ չի լուծվում ու բանակում իրականացնում է ինքնասպանությունը»:

Սուիցիդոլոգը հավելեց, որ բնակչության թվի մեծացման հետ մեծանում է նաեւ լարվածության, ինքնասպանությունների թիվը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, Վարդանյանը հայտնեց, որ 2009 թվականին ՀՀ-ում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ է արել 498, 2010-ին՝ 592, 2011-ին՝ 647 մարդ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930