Ինչպես արդեն անդրադարձել էինք, ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչները» վերադարձել են հայրենիք: Երգչախումբը Ճապոնիայում հանդես էր եկել փայլուն համերգաշարով: Այսօր տեղի ունեցավ ասուլիս` Տիգրան Հեքեքյանի եւ երգչախմբի անդամներից մի քանիսի մասնակցությամբ:
Տիգրան Հեքեքյանն ասաց, որ առաջին անգամը չէր Ճապոնիայում. ՀՀ նորաստեղծ պատմության ընթացքում առաջին անգամ 1992թ.-ին Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը Ճապոնիայում մասնակցեց մրցույթի եւ նվաճեց գլխավոր մրցանակը: Երկրորդ անգամ Հեքեքյանը Ճապոնիայում անցկացվող երգչախմբային ամենամյա մրցույթի ժյուրիի անդամ էր: «Տարօրինակ չհնչի, բայց այդ փառատոնը ֆինանսավորում է Ճապոնիայի երկրորդ թերթը, որն ունի տասներկու միլիոն բաժանորդ: Իսկ տպաքանակով հինգերորդ թերթն անդրադարձավ մեզ եւ Հայաստանին: Երգչախմբի երեխաների տպավորությունները տպագրեցին ռուսական, ամերիկյան ե բելգիական թերթերը»,-ասաց պարոն Հեքեքյանը:
Նա ընգծեց, որ ճապոնացիները հայրական հոգատարությամբ էին վերաբերվում հայ երեխաներին, որպեսզի վերջիններս իրենց չզգան օտար երկրում. «Ճապոնացիները զուսպ եւ սառը ժողովուրդ են, բայց մեր երեխաները ստիպեցին նրանց արտասվել: Ճապոնացիները բավական խստապահանջ են, բայց մեր ելույթների ընթացքում հոտնկայս էին ծափահարում: Բացի այդ, ամեն ինչ հստակ կազմակերպել էին: Հայի սովորության համաձայն` քաղաքից քաղաք տեղափոխվելուց երեխաները կորցնում էին իրերը, բայց անգամ կորած գուլպան ճապոնացիները փաթեթով հասցրեցին մի քաղաքից մյուսը»:
Կարդացեք նաև
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամ Մուրադյան Հռիփսիմեն նշեց, որ երկար շրջագայության ընթացքում գտնվելով ընտանիքից հեռու` երեխաները փորձում էին ինքնուրույն եւ ինքնավստահ լինել. «Այս համերգաշարը մեծ փորձություն էր, որ պատվով հաղթահարեցինք: Մենք չէինք զգում, որ հայրենիքից ու ծնողներից հեռու ենք»:
Մանրամասներն ընթերցեք «Առավոտի» վաղվա համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ