Մի քանի հանձնաժողովներում ներգրավելու եւ արդյունավետ աշխատելու ԱԺ պատգամավորների դժգոհություններին ի պատասխան՝ այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. «Դուք մի դերակատարության մեջ եք մտել, որ, իմ կարծիքով, անիմաստ է: Չկա ցանկություն, որ ինչ-որ տեղ մենք փոքրամասնությանը ցանկանանք անհավասար պայմանների մեջ դնել: Ես ասել եմ, ասում եմ ու միշտ կրկնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ ձեր արդյունավետ աշխատանքը ներկայացնենք հանրությանը: Հարցը կամ բորբոքված ելույթները ինձ համար անհասկանալի են, ինչո՞ւ եք փորձում ներկայացնել, որ մենք ցանկություն չունենք: Դուք այսօր ունեք այն, ինչ տվել է ժողովուրդը ձեզ, այն տոկոսը, որ ստացել եք: Դուք հիմա ուզում եք հավասար պայմաններում աշխատել, հավասա՞ր հնարավորություն ունենալ, ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ եք ուզում: Ես գտնում եմ, որ թող նաեւ անկախ պատգամավորները մասնակցություն ունենան 2-3 հանձնաժողովներում: Պարզ է, որ դուք ունենալով 5 պատգամավոր, դժվարանալու եք մասնակցել հանձնաժողովների բոլոր նիստերին: Մենք խոսել ենք ամեն ինչի մասին, բայց դուք հիմա բորբոքվում եք, չեմ հասկանում՝ ինչու: Ռուբեն Հակոբյանի հետ խոսել ենք: Այսօրվա այս բորբոքված ելույթները ո՞ւմ էր պետք եւ ինչի՞ համար: Հորդորում եմ բոլորին միասին արդյունավետ աշխատել: Ես ոչ մի անգամ չեմ օգտվելու ԱԺ նախագահի լիազորություններից, որպեսզի խաթարեմ ձեր աշխատանքը, հակառակը լինելու է՝ օգնելու եմ: Եթե ուզում եք ի սկզբանե պայմաններ դնեք հիմա, դա ինձ համար անընդունելի է: Աշխատենք միասին, բայց որ փորձում եք ուլտիմատումներ դնել, դա ինձ համար անընդունելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև