Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբորորդու կատարած դանակահարության պատճառով պաշտոնազրկեցին Շիրակի մարզի քննչական բաժնի պետին

Սեպտեմբեր 10,2012 13:45

Շաբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացրել են Շիրակի մարզի քննչական բաժնի պետի երկարամյա տեղակալ Սայաթ Գարեգինյանին, ով 3 ամիս է` նշանակված էր քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան համակարգից հեռացնելու համար առիթ է հանդիսացել եղբորորդու՝ Բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Գարեգինյանի` օրերս կատարած դանակահարությունը:

Հիշեցնենք, որ 5 օր առաջ Գյումրու Հաղթանակի պողոտա 42 ա շենքի բակում Սայաթ Գարեգինյանի եղբոր` Գյումրիում հայտնի բժիշկ-մաշկաբան Սամվել Գարեգինյանի որդին դանակահարել էր իրենց հարևանի տղային`34-ամյա Արտակ Մուրադյանին` երկու տեղով վնասելով նրա նստատեղի շրջանն ու գոտկատեղը: Պատճառը, ըստ Արտակ Մուրադյանի ծնողների, եղել էր Գյումրու քաղաքապետարանի կողմից շենքի բակում իրենց օրինական կարգով հատկացված հողատարածքի վրա ժամանակավոր ավտոտնակի տեղադրումը: Այս փաստը անչափ ծանր են տարել հարևանները` բժիշկ Գարեգինյանի ընտանիքը. նրանց տղան`Դավիթը, գալով Երևանից, դանակահարել էր Արտակ Մուրադյանին ու դիմել փախուստի: Իսկ թե այս պատմության մեջ ի ՞նչ մասնակցություն ուներ Դավիթի քննիչ հորեղբայրը, տուժողի մոր` Օֆելյա Ներսիսյանի պատմելով, Սայաթ Գարեգինյանը ոստիկաններ էր ուղարկել իրենց վրա, զանգահարել էր իր տղայի` Արտակ Մուրադյանի ձեռքի հեռախոսին, ահաբեկել էր, որպեսզի չսկսեին ավտոտնակի շինաշխատանքները:

Չնայած Aravot.am-ի հետ զրույցում Սայաթ Գարեգինյանը իրեն հասցեագրված մեղադրանքները զրպարտություն որակեց` նշելով, որ քաղաքում իրեն լավ են ճանաչում, և ինքը չէր կարող իրեն նման կարգի բան թույլ տալ, այդուհանդերձ, ՀՀ ոստիկանապետը նրան պաշտոնազրկել է պաշտոնեական դիրքը չարաշահելու ու մամուլում քննարկման թեմա դառնալու համար: Թեև, մեր աղբյուրների պնդմամբ, այս դեպքը ընդամենը առիթ էր,պատճառներն ավելի խորն էին:

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նրան պաշտոնազրկել, որին ի պատասխան՝ վերջինս ընդամենը տեղեկացրեց, որ Սայաթ Գարեգինյանին կադրերի ռեզերվ են գցել:

Նշենք, որ Սայաթ Գարեգինյանը Շիրակի մարզի քննչական բաժնի արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որից ազատվում է Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետը մոտ 3 ամիս առաջ պաշտոնազրկեց նաև Շիրակի մարզի քննչական բաժնի երկարամյա պետ Կարուշ Թովմասյանին` Aravօt.am-ի հետ զրույցում լրագրողների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու ու լրագրողի աշխատանքը անարգելու համար: Պարոն Թովմասյանը բորբոքվել էր, երբ մենք, կատարելով մեր լրագրողական պարտքը, «սխալվել» ու նրանից հետաքրքրվել էինք, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե իր աղջկա ամուսինը` Գառնիկ Գրիգորյանը, ևս մասնակցություն է ունեցել Գյումրիում խոհարարի պատճառով հնչած կրակոցներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930