Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը իր նախընտրական շտաբը բացել է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքում:
Վանուշ Ամիրաղյանը 2002-2005 թվականներին եղել է Նոյեմբերյանի քաղաքապետ: Նա անկուսակցական էր, քաղաքապետ ընտրվելով՝ դարձել է ՀՀԿ անդամ: 2005 թվականին կայացած քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո նա դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից: Այդ շրջանում նա ակտիվ շփումների մեջ էր ՀՅԴ-ի հետ: 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի հունիսը Վ. Ամիրաղյանը աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և համաշխարհային բանկի գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրում, որպես Տավուշի մարզի ագրոբիզնեսի գծով մասնագետ: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը պատկանում էր ՀՅԴ-ին: 2006թ. Արտաշես Թումանյանը նախաձեռնեց «Նոր երկիր» կուսակցության ստեղծումը: Վանուշ Ամիրաղյանը հանդես եկավ որպես այդ կազմակերպության Նոյեմբերյանի կառույցի պատասխանատու եւ այդ կառույցին որպես գրասենյակ տրամադրեց Նոյեմբերյանի
կենտրոնում գտնվող իր տարածքը: Սակայն այդ կուսակցությունն այդպես էլ չստեղծվեց: 2008 թվականի աշնանը Նոյեմբերյանի քաղաքապետ ընտրվելուց հետո անկուսակցական Վանուշ Ամիրաղյանը նորից անդամագրվեց ՀՀԿ-ին: Զարմանալի է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «համայնքի ղեկավար եւ ավագանի» բաժնում տեղադրված Վանուշ Ամիրաղյանի կենսագրության մեջ նրա կուսակցական պատկանելության մասին ոչ մի հիշատակում չկա:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքի (ուր տեղավորված է նաեւ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական շտաբը) գլխին ծածանվող եռագույն դրոշակի երրորդ գույնը ոչ թե նարնջագույն է, այլ՝ դեղին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ