ԱԺ նիստում փոքր խմբակցությունների պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչպես անեն, որ մի քանի հանձնաժողովներում ընդգրկվեն եւ միաժամանակ կարողանան արդյունավետ աշխատել, հասցնել ներկա լինել բոլորին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը չի կարողացել ներկա լինել Պետա-իրավական հանձնաժողովի նիստերից մեկին, որովհետեւ մեկ այլ հանձնաժողովի նիստը նույն ժամին է եղել: Ըստ նրա կա անհավասարություն. «Փոքրաթիվ խմբակցության պատգամավորները կրում են անհամաչափ բեռ: Կանոնակարգ օրենքով ասում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել նիստերին, որտեղ ինքը ընդգրկված է, հետեւաբար եթե չի մասնակցում, խախտում է օրենքը»:
Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց՝ «Մեկ պատգամավորը կարո՞ղ է արդյունավետ աշխատել մի քանի հանձնաժողովներում»: Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ «դժվար է ասել, նայած պատգամավոր»:
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի դիտարկմանը՝ պարոն Հարությունյանը սխալ համարեց օրենքի նման մեկնաբանությունը՝ ավելացնելով, որ «առաջարկ ներկայացրեք, փոփոխություն մտցրեք օրենքում»:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Մեզ ասում էին, որ 2 անգամ 5 հավասար չէ 10, հավասար է 12 ասենք: Հիմա հասկացան, որ չէ, 2×5=10: Մենք նորից կիսատ-պռատ օրենք ենք ուզում իրականացնել, հնարավորություն տալ 3 հանձնաժողովներում մասնակցել, բայց չտալ հնարավորւթյւոն, որ մի պատգամավորը կարողանա երեքին էլ մասնակցել: Կես քայլ չի կարելի կատարել»:
Հանձնաժողովների նիստերի ժամերի հետ կապված մտահոգություններ հայտնեց նաեւ Զարուհի Փոստանջյանը: Դավիթ Հարությունյանը նրան նույնպես հորդորեց առաջարկությամբ հանդես գալ:
Անկուսակցական Էդմոն Մարուքյանն էլ փաստեց, որ ինքը ստիպված ընտրել է միայն Պետական-իրավական հարցերի հանձնաժողովին մասնակցելը, չնայած ցանկացել է ընդգրկվել նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովում, բայց նիստերի ժամերի պատճառով չի կարողացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ