Այսօր «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ նվիրված գենդերային բռնության դեմ ուղղված Գյումրիից Երևան երթին:
Սեպտեմբերի 5-ին «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ ակտիվիստներ ուղևորվեցին Գյումրի-Երևան հնգօրյա քայլարշավի ընդդեմ գենդերային հիմքով բռնության: Քայլարշավի նպատակն էր գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացումը գյուղական համայնքներում:
Վերջին մի քանի տարվա ընթացքում գենդերային բռնությունը լայն քննարկվող թեմա է Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոչ երկրի առանձին մարզերում, գյուղերում, որտեղ այն մինչ օրս ավանդույթ կամ սոցիալական նորմ է համարվում: Բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունների մեծ մասը ստացվում են ՀՀ գյուղական համայնքներից: Միջոցառման մանրամասների մասին պատմեցին ասուլիսի մասնակիցները՝ «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը, «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Էլվինա Մելիքսեթյանը, «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ կամավորական ծրագրերի ղեկավար Նինա Հարությունյանը:
ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի կարծիքով նրանք իրենց ժամանակը արդյունավետ օգտագործելու շնորհիվ նախատեսվածից ավելի վայրերում եղան:
«Քայլարշավի նպատակը իրազեկության բարձրացումն էր գյուղական համայնքներում, քանի որ այնտեղ չկա ինֆորմացվելու հնարավորություն: Վերջերս բազմաթիվ բռնության դեպքերի ականատեսն ենք լինում, մանավանդ անչափահասների շրջանում: Քայլարշավի ընթացքում իրականացվել են զրույցներ մոտ 3000 կանանց հետ, կազմակերպվել հանդիպումներ 16 դպրոցներում»:
Քայլարշավի ընթացքում առանձնացվել են մի քանի խնդիրներ՝
Մարդիկ ծեծը չեն ընկալում որպես բռնություն
Շատ գյուղերում տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքների է գրեթե ամբողջ տարի, և միայն տարվա մի քանի ամիսն է լինում գյուղում: Շատ ընտանիքներում կան մի քանի հարսներ, բավականին երիտասարդ, որոնց ամուսինները երկրում չեն և նրանք գտնվում են սկեսրոջ տիրապետության տակ:
Գյուղերում չկան ՀԿ-ներ, չկան իրազեկության բարձրացման հնարավորություններ և այլ ծառայություններ:
Շատերը համարում են, որ հիմա ավելի կրթված և տնտեսապես ավելի ապահովված են, այդ իսկ պատճառով բռնությունը վերացել է գյուղերից:
Էլվինա Մելիքսեթյանի խոսքով ուշադրություն է դարձվել նաև դպրոցներին, անչափահասների շրջանում բռնություն նույպես կա.
«Արթիկում 6 դպրոց ենք այցելել, զրուցել ենք ավագ դպրոցի աշակերտների հետ և մեզ ոգեւորեց այն հանգամանքը, որ դպրոցի երեխաները բավականին տեղեկացված էին, բուռն քննարկում եղավ մեր և նրանց միջև բռնության, ուսուցիչ-երեխա հարաբերությունների վերաբերյալ: Արձագանքը դրական էր, իսկ համագործակցությունը ակնհայտ»:
Լարա Ահարոնյանը հայտնեց, որ քայլարշավը շարունակական կլինի, հաջորդը կբախեն Գորիսի և Վանաձորի դռները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ