Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Պարզաբանումներ ենք պահանջել Բաքվից եւ Բուդապեշտից»

Սեպտեմբեր 10,2012 12:06

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ստորագրեցին թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը: Այդ փոփոխությամբ մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ամերիկայի դեսպանին եւ գլխավոր դատախազին նամակ-համաձայնագրի ստորագրումից հետո լրատվամիջոցներն ուղղեցին ընդամենը մեկ հարց՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու եւ Ալիեւի կողմից ներում շնորհելու հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, որ ԱՄՆ վարչակազմը ուժեղ դիրքորոշում է արտահայտել, հայտնելով իրենց խիստ մտահոգությունները. «Ուզում եմ վերահաստատել, որ դեմ եմ ամեն մի խոչընդոտի, որը կխաթարի այս փխրուն բանակցային գործընթացը»:

ԱՄՆ դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ պարզաբանումներ են պահանջել Բաքվից եւ Բուդապեշտից եւ երկխոսությունը ընթացքի մեջ է:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց, որ Սաֆարովին Ալիեւը ոչ թե ներել է, այլեւ արդարացվել ու հերոսացվել է: Ա. Հովսեփյանը շարունակեց. «Ցավում եմ, որ աշխարհում կա մի ազգ, որի ներկայացուցիչը կարող է հերոսացվել միայն նրա համար, որ կացնահարում է: Որեւէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով»:

Ա. Հովսեփյանը հղում արեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի 521 հոդվածին, համաձայն որի՝ տվյալ երկրի դատապարտվածը իրենց երկրում կարող է պատիժը կրել միայն տվյալ երկրի դատարանի կողմից դատական ակտ կայացնելուց հետո, մինչդեռ Ալիեւը ներում է շնորհել, դրանով իսկ Ադրբեջանի նախագահը խախտել է սեփական օրենսդրությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց նաեւ, որ Հունգարիայի նախկին գլխավոր դատախազը, որը թոշակառու է, հայ համայնքից ներողություն է հայցել:

Ըստ գլխավոր դատախազի, կատարվածը ոտնահարել է համազգային արդարադատությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930