Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտավորներն այցելեցին «հրաշքների ամրոց»

Սեպտեմբեր 10,2012 11:56

Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների եւ «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի անդամները երեկ ուխտագնացություն կատարեցին դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ:

Արման սարկավագ Ահարոնյանը տեղեկացրեց, որ վանքը կառուցվել է 1212-1215թթ` գավառական իշխան Վաչե Վաչուտյանի եւ նրա կնոջ` Մամախաթուն իշխանուհու կողմից: Նրանց աղջիկը մահանում է 20 տարեկանում, եւ ծնողներն ուխտ են անում վաղամեռիկ դստեր հիշատակի համար կառուցել 7 Սուրբ Աստվածածին վանք: «Աղջկան թաղելով Քասախ գետի բարձունքին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, գերեզմանի վրա կառուցում են Սուրբ Աստվածածին եկեղեցին` ներկայիս Սաղմոսավանքի Սուրբ Աստվածածինը: Մինչ մյուս եկեղեցիների կառուցման ավարտը` մահանում է Վաչե Վաչուկյանը, որի իշխանության տակ էր 4 գավառ` Արագածոտնի, Բջնի, Արարատյան դաշտավայր եւ Արմավիր: Մամախաթունն իր ձեռագրերից մեկում հիշատակում է, որ բազում վայրեր փնտրելուց հետո վերջապես գտավ այն տեղը, որտեղ պետք է թաղվեր նրա ամուսինը, եւ որտեղից պետք է երեվար 4 մարզը: Այստեղից ծագում է գյուղի անունը` Տեղեր: Վաչուտյանի գերեզմանի վրա էլ կառուցվում է վանքը»,- ասաց Արման սարկավագը:

Ներկայացնելով վանքի ճարտարապետական առանձնահատկությունները` նա հայտնեց, որ վանքը քառագմբեթ է, իսկ գմբեթներից երկուսը եկեղեցիներ են` Միքայել եւ Գաբրիել հրեշտակների անուններով. «Գավիթում թաղված են իշխաններ եւ ճգնավորներ: Ընդհանուր առմամբ, վանքի ներսում 11 եկեղեցի կա, իսկ տանիքում տեղադրված են կարասներ եւ կճուճներ` ձայնային արձագանքը պահելու համար: Գիշերով այստեղից երեւում են Արագածոտնը, Կոտայքը, Երեւանը եւ Արարատյան դաշտավայրը»:

Արման սարկավագն ասաց, որ Սուրբ Աստվածածինը ժողովրդին հայտնի է որպես հրաշքների ամրոց. «Վանքի պատերը դարերով ներծծել են իշխանավորների եւ վանականների աղոթքները: Այստեղ բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել: Անցյալ տարի վանք այցելեց 15 տարվա ամուսնացած զույգ. տղան Աշտարակից էր, կինը` ռուս: Աղջիկը, որ մինչ այդ Հայաստանում եղած չի լինում, երազ է տեսնում, որ եկել է չորս գմբեթանի վանք եւ պսակադրվել: Երազը կրկնվում է երեք անգամ, բացի այդ` նույն երազն է տեսնում նաեւ փեսայի քույրը: Զույգը եկավ եւ պսակադրվեց վանքում: Դեռ 10 ամիս չէր անցել, կինը հղիացավ եւ լուս աշխարհ բերեց երկվորյակ տղաների»:

Վանքում ձեռամբ տեր Տաճատ քահանա Դավիդյանի մատուցվեց Սուրբ Պատարագ:

Հաջորդիվ ուխտավորներն այցելեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հոգեւոր սպասավոր Հայկ քահանա Սահակյանը հայտնեց, որ եկեղեցին Սովետական շրջանում օգտագործվել է որպես պահեստ, իսկ երկրաշարժից հետո վերաօծվել Վեհափառ Հայրապետի կողմից` հանձնվելով շահագործման:

Համեմատելով թալինցիների եւ երեւանցիների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ, քահանան ասաց. «Ֆիլմերով եւ սերիալներով ոգեւորված երեւանցիների մի մասը հավատքը ցույց է տալիս առերես, իսկ տեղացիների հավատքը կարծես նրանց արյան մեջ է: Այնումանենայնիվ, Հայ Առաքելական եկեղեցու խնդիրն է` ժողովրդին իր շուրջը համախմբելը»:

Քահանան նաեւ ասաց, որ եկեղեցում գործում է «Լույս մարդկանց» ծրագիրը, որում ներգրավված դպրոցական տարիքի երեխաները սովորում են Աստվածաշնչի սերտողություն. «Ծրագիրը նպաստում է նաեւ տարբեր տարիքի մարդկանց` եկեղեցական տոներում ներգրավվածությանը»:


Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930